Հնագետները Ճապոնիայում հայտնաբերել են կավե արտասովոր արձանիկ, որը, ենթադրաբար, պատկերում է մոտ 1600 տարի առաջ թաղման ծեսերին մասնակցած շամանուհու։ Գտածոն հայտնաբերվել է Տոկիոյից հյուսիսարևմուտք գտնվող Նիսիկամինոմիա հնավայրում, հայտնում է Live Science-ը՝ հղում անելով Գունմա պրեֆեկտուրայի կառավարությանը։
Արձանիկը պատկանում է Կոֆուն ժամանակաշրջանին, որը տևել է մոտավորապես III դարից մինչև VIII դարի սկիզբը։ Այդ ժամանակ գերեզմանների մոտ տեղադրում էին կավե հանիվա քանդակներ, որոնք օգտագործվում էին որպես ծիսական առարկաներ և հանգուցյալներին մատուցվող ընծաներ։
Հայտնաբերված հանիվան պահպանվել է միայն մասամբ. մեր օրերն են հասել գլուխն ու իրանը՝ ընդհանուր մոտ 40 սանտիմետր բարձրությամբ։ Սկզբնապես արձանիկը զգալիորեն ավելի բարձր է եղել։ Այն հայտնաբերվել է մոտ 45 մետր տրամագծով հսկայական դամբանաբլուրը շրջապատող խրամատում։ Հնագետները ենթադրում են, որ հանիվան սկզբում կանգնած է եղել դամբանաբլրի ներսում հայտնաբերված նավակաձև սարկոֆագի մոտ, իսկ ժամանակի ընթացքում լանջով ցած է գլորվել խրամատի մեջ։
Հետազոտողները կարծում են, որ արձանիկը պատկերում է միկոյի՝ սինտոյական կրոնական ավանդույթի հետ կապված քրմուհու։ Կոֆուն ժամանակաշրջանում շամանուհիները կարող էին մասնակցել թաղման արարողություններին և համարվում էին մարդկային ու հոգևոր աշխարհների միջև միջնորդներ։
Միկո լինելու մասին են վկայում քանդակի մանրամասները։ Կինը սիմադա ավանդական սանրվածքով է, դաստակներին կարմիր գունանյութով պատված կավե ապարանջաններ են, իսկ իրանին պատկերված է կարմիր գոտի։ Արձանիկը ձախ ձեռքում գավազանաձև առարկա է պահում։ Հնագետները նաև նշել են խնամքով կերտված մատներն ու ընդգծված քիթը։
Գունմա պրեֆեկտուրայի ներկայացուցիչների վկայությամբ, վարպետը մեծ ուշադրություն է դարձրել մանրամասներին, այդ թվում՝ այնպիսիներին, որոնք հեռվից գրեթե անհնար էր զանազանել։
Արձանիկը հայտնաբերվել է հնավայրի տարածքում 2020 թվականից իրականացվող պեղումների ընթացքում։ Այժմ գտածոն ցուցադրվում է Սիբուկավա քաղաքում գտնվող Գունմա պրեֆեկտուրայի հնագիտական կենտրոնում։





























