Քրդամետ Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցության (DEM) պատվիրակության անդամ Միթհաթ Սանջարը հայտնել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը տեղափոխվել է Իմրալը կղզում, որտեղ նա բանտարկված է 1999 թվականից, իր համար հատուկ պատրաստված շենք, հաղորդում է Al Quds-ը։

Միաժամանակ Օջալանի եղբայրը՝ Մեհմեթը, հայտարարել է, որ ընտանիքը նրա պահման վայրի փոփոխության մասին պաշտոնական ծանուցում չի ստացել։

Սանջարը նշել է, որ տեղափոխությունը կապված է Օջալանի պահման նոր պայմանների հետ։ Սակայն, ինչպես ընդգծել է նրա եղբայրը, խոսքը կարող է լինել միայն նույն բանտային համալիրի ներսում մեկ այլ տարածք տեղափոխվելու, այլ ոչ թե ազատ արձակվելու կամ մեկ այլ վայր տեղափոխվելու մասին։

Ազգայնական շարժում կուսակցության (MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին ավելի վաղ հերքել էր Օջալանի համար առանձնատուն կառուցելու մասին տեղեկությունները։ Ըստ նրա, շուրջ 250 քառակուսի մետր մակերեսով նոր շենքը գտնվում է հսկվող բանտային համալիրի ներսում։ Այն նախատեսված է պաշտոնական հանդիպումների անցկացման և քաղաքական ուղերձների փոխանցման համար, իսկ որոշ դեպքերում Օջալանը կկարողանա շփվել լրագրողների հետ։

Սանջարը նաև հայտարարել է, որ թուրքական իշխանությունների և քրդական շարժման միջև խաղաղ գործընթացը շուրջ երկու ամիս առաջընթաց չի գրանցում։ Նա կոչ է արել պաշտոնական պատվիրակություն ուղարկել Իմրալը՝ Օջալանի հետ հանդիպելու համար, և նրա մասնակցությունը բանակցությունների վերսկսման անհրաժեշտ պայման է համարել։

Սանջարի կարծիքով, Օջալանը պետք է առանցքային դեր խաղա խաղաղ գործընթացի համակարգման գործում։ Քուրդ առաջնորդն ավելի վաղ ՔԱԿ-ին կոչ էր արել ինքնալուծարվել և վայր դնել զենքը։ 2025 թվականի մայիսին կուսակցությունը հայտարարել էր 1984 թվականից շարունակվող զինված պայքարը դադարեցնելու մասին։

Իր հերթին Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցության (ԺՀԺԿ)՝ Իմրալը մեկնող պատվիրակության անդամ Փերվան Բուլդանը մեկնաբանել է Իմրալը կղզում Օջալանի՝ մեկ այլ տարածք տեղափոխվելու մասին տեղեկությունները, հաղորդում է ANF News-ը։

Նա նաև ընդգծել է, որ Աբդուլլահ Օջալանի գտնվելու վայրի փոփոխությունը չի նշանակում նրա կարգավիճակի վերանայում։ 

Օջալանի ապագա կարգավիճակն ու նրա պահման պայմանները շարունակում են մնալ բազմամյա հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում կարևոր հարցերից մեկը։