Բելգիայի իշխանությունները պատրաստվում են ընդունել օրինագիծ, որը ոստիկանությանը թույլ կտա մուտք գործել այն մարդկանց տները, որոնք կասկածվում են անվտանգության համար սպառնալիք ներկայացնող անօրինական ներգաղթյալների թաքցնելու մեջ։ Երկրի խորհրդարանում փաստաթղթի քվեարկությունը նշանակված է նոյեմբերի 4-ին։ Նախաձեռնությունը քննադատության է արժանացել իրավապաշտպանների և բելգիացի դատավորների կողմից, հայտնում է EUobserver-ը։
Օրինագիծը նախատեսում է, որ անվտանգության համար սպառնալիք համարվող անօրինական ներգաղթյալի թաքցնելու վերաբերյալ կասկածների առկայության դեպքում ոստիկանությունը կկարողանա առավոտյան ժամը հինգից մինչև երեկոյան ժամը ինը մուտք գործել բնակարան և խուզարկել այն՝ ստուգելով նաև փաստաթղթերն ու անձնական իրերը։ Առաջարկվող նորմերի համաձայն, տանը երեխաների ներկայությունը խոչընդոտ չի լինի նման գործողություններ իրականացնելու համար։
Նախաձեռնությունն առաջ է տանում Բելգիայի միգրացիայի հարցերով նախարար Անելին վան Բոսեյթը, որը ներկայացնում է աջակողմյան «Նոր ֆլամանդական դաշինք» (N-VA) կուսակցությունը։ Օրինագիծը լայն քննադատության առարկա է դարձել. իրավապաշտպաններն ու դատական համակարգի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ առաջարկվող լիազորությունները կարող են խախտել փաստաթղթեր չունեցող ներգաղթյալներին կացարան տրամադրող մարդկանց սահմանադրական իրավունքները։
Բելգիան ավելի վաղ ձեռնպահ էր մնացել Եվրամիության մակարդակով համանման օրենսդրության քվեարկության ժամանակ։ Երկրի ներսում առարկությունների պատճառներից մեկը ԵՄ սահմաններից դուրս արտաքսման կենտրոնների հնարավոր ստեղծմանն առնչվող դրույթներն էին։ Չնայած դրան՝ իշխող կոալիցիան շարունակում է առաջ տանել ոստիկանության լիազորություններն ընդլայնող ազգային միջոցառումները։
Ըստ EUobserver-ի, բելգիական նախաձեռնությունը կարող է քայլ դառնալ դեպի արտաքսման համաեվրոպական կանոններում համանման դրույթների ներդրումը։





























