Գերմանիայի մի քանի դաշնային երկրամասերում երեխաները Հելոուինի տոնակատարության ժամանակ հավաքած քաղցրավենիքի մեջ ասեղներ, մագնիսներ և այլ մետաղական առարկաներ են հայտնաբերել։ Ոստիկանությունը հետաքննություններ է սկսել և ծնողներին կոչ արել մանրակրկիտ ստուգել քաղցրավենիքը՝ նախքան երեխաներին այն ուտել թույլ տալը, հայտնում է tagesschau-ն։
Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Ֆիլդերշտադտ քաղաքում երկու ընտանիք կաթնային և ընկուզային միջուկով վաֆլե բատոնների մեջ մի քանի ասեղ է գտել։ Ոստիկանության տվյալներով, ասեղները թաքցված են եղել քաղցրավենիքի ներսում և դրսից տեսանելի չեն եղել։ Նման ևս մեկ դեպք է գրանցվել Ռիլազինգեն-Վորբլինգենում, որտեղ առանձին փաթեթավորված վաֆլե բատոնների մեջ կողմնակի մետաղական առարկաներ են հայտնաբերվել։ Դրանց ճշգրիտ տեսակը դեռ չի հստակեցվում։
Թյուրինգիայում մետաղական ասեղներ են հայտնաբերվել Այխսֆելդ շրջանի մի քանի բնակավայրերում երեխաների հավաքած քաղցրավենիքի մեջ։ Ոստիկանությունը կարծում է, որ վտանգավոր առարկաները կարող էին միտումնավոր տեղադրված լինել քաղցրավենիքի մեջ՝ վնաս պատճառելու նպատակով։ Իրավապահները պարզում են, թե որ տներում են երեխաները ստացել այդ քաղցրավենիքը։
Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Ապենհայմ համայնքում իննամյա մի տղա ծամելու կոնֆետին ամրացված երկու փոքր մագնիս է հայտնաբերել։ Բավարիայում, այդ թվում՝ Լանդսհուտում, ծնողները նույնպես հայտնել են քաղցրավենիքի մեջ պտուտակներ և սուր մետաղական առարկաներ հայտնաբերելու մասին։ Առկա տվյալներով՝ այս միջադեպերի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Ոստիկանությունը ծնողներին խորհուրդ է տալիս ուշադիր զննել երեխաների հավաքած քաղցրավենիքը։ Կասկածելի առարկաներ հայտնաբերելու դեպքում քաղցրավենիքը պետք է պահպանել փաթեթավորման հետ միասին և գտածոյի մասին հայտնել ոստիկանությանը՝ ինքնուրույն չհանելով կողմնակի առարկաները, որպեսզի հնարավոր ապացույցները չոչնչացվեն։




























