ԱՄՆ տարբեր քաղաքներում Հելոուինի հանգստյան օրերին տեղի ունեցած մի քանի հրաձգությունների հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, տասնյակները՝ վիրավորվել։ Ամենածանր միջադեպը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Դալաս քաղաքում, որտեղ երեք առանձին փոխհրաձգությունների հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս 15-ը՝ տուժել, հաղորդում է Associated Press-ը։

Դալասի ոստիկանապետ Դենիել Կոմոն հայտնել է, որ հրաձգությունները տեղի են ունեցել Դիփ Էլում ժամանցային թաղամասում՝ մեկ ժամ 15 րոպեի ընթացքում։ Իրավապահները պարզում են՝ արդյոք երեք դրվագները կապված են միմյանց հետ, և որն է եղել բռնության պատճառը։ Մի քանի մարդ է ձերբակալվել, սակայն ոստիկանությունը դեռ չի հայտնել ձերբակալվածների հստակ թիվն ու նրանց առաջադրված մեղադրանքները։ Ոստիկանները չեն տուժել։

Եվս մեկ միջադեպ է տեղի ունեցել Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում՝ Legion Field մարզադաշտի մոտակայքում, Magic City Classic ամենամյա ֆուտբոլային խաղից հետո։ Մեկ մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել։ Ոստիկանապետ Մայքլ Փիքեթի վկայությամբ, երկրպագուների մեծ մասն արդեն լքել էր մարզադաշտի տարածքը, երբ մոտակայքում՝ Գրեյմոնթ ավենյու փողոցում, որտեղ առևտրականները տեղադրել էին իրենց վրանները, հրաձգություն է սկսվել։ Մեկ մարդ է ձերբակալվել՝ հարցաքննության համար, ոստիկանությունը նաև մի քանի միավոր զենք է առգրավել։

Դելավեր նահանգի Նյուարկ քաղաքում շաբաթ ուշ երեկոյան Դելավերի համալսարանի կամպուսի մոտ վեց մարդ հրազենային վիրավորում է ստացել։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոցներ։ Իլինոյս նահանգի Բլումինգթոն քաղաքում կիրակի վաղ առավոտյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով 19-ամյա կին է զոհվել, ևս մեկ կին ծայրահեղ ծանր վիճակում է։ Վեց մարդ կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ է ստացել։

Արկանզաս նահանգի Ֆայեթվիլ քաղաքում կիրակի վաղ առավոտյան տեղի ունեցած հրաձգությունից հետո հրազենային վիրավորումներով վեց մարդ է տեղափոխվել հիվանդանոցներ։ Ոստիկանության նախնական տվյալներով, հրաձգությանը նախորդել է վեճ։ Առայժմ ձերբակալություններ չեն եղել։

Միջադեպերի մեծ մասի հանգամանքներն ու հարձակվողների հնարավոր դրդապատճառները պարզվում են։