Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ օգտագործել են Protector RG1 անօդաչու թռչող սարքը՝ Լա Մանշում ռուսաստանյան ռազմանավերին հետևելու համար։ Սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում անօդաչու սարքն ավելի քան 10 ժամ հետևել է օտարերկրյա նավերին՝ Թագավորական ռազմածովային նավատորմի նավերի և ուղղաթիռների հետ համատեղ, հայտնում է The Telegraph-ը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը հայտարարել է, որ բրիտանական զինված ուժերը շուրջօրյա աշխատում են երկրի անվտանգության ապահովման և նրա ազգային շահերի պաշտպանության ուղղությամբ։

«Protector-ն առաջին անգամ միացել է Թագավորական նավատորմի նավերին և ուղղաթիռներին, որոնք հետևում են մեր ափերի մերձակայքում ծավալվող ակտիվությանը։ Սա ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք շարունակաբար ներդնում նոր տեխնոլոգիաներ՝ սպառնալիքներին հետևելու և անպատասխանատու սադրանքները զսպելու համար», — նշել է նա։

Protector RG1-ը անօդաչու թռչող սարք է, որը հեռավար կառավարվում է օպերատորների կողմից։ Բրիտանական ռազմաօդային ուժերն ընդհանուր առմամբ պատվիրել են 16 նման սարք, որոնցից 11-ն արդեն ընդունվել են սպառազինության։ Անօդաչու սարքը զենքով հագեցած չէ։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով, 2026 թվականի առաջին յոթ ամիսներին բրիտանական ջրերում և դրանց մերձակայքում Ռուսաստանի ակտիվությունն աճել է 25%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հոկտեմբերի 1-ից 14-ը բրիտանական HMS Dauntless և HMS Tune նավերը հետևել են ռուսաստանյան ֆրեգատին։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում ռազմաօդային ուժերի ուղղաթիռները հետևել են ռուսաստանյան հետախուզական նավին, որը զորավարժությունների ժամանակ գործում էր ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների մերձակայքում, ինչպես նաև Լա Մանշով անցնող ռուսաստանյան «Ալեքսանդր Շաբալին» մեծ դեսանտային նավին։