Հնէաբանները հայտնաբերել են դինոզավրերի մինչև այժմ անհայտ տեսակ, որը, հետազոտողների տվյալներով, սնվել է մրգերով։ Փոքրիկ փետրավոր Infernogallus jamesi դինոզավրն ապրել է մոտ 66–68 մլն տարի առաջ և ունեցել ծնոտների անսովոր կառուցվածք, որը թույլ է տվել ծամել պտուղների փափուկ պտղամիսը։ Գիտնականները նրան համարում են առաջին հայտնի դինոզավրը, որը հարմարվել է հենց այսպիսի սննդակարգի։
Սթոնի Բրուքի համալսարանի, Օնտարիոյի թագավորական թանգարանի և Հյուսիսային Դակոտայի երկրաբանական ծառայության մասնագետների հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում։ Գիտնականները համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով ուսումնասիրել են դինոզավրի գանգը և վերակառուցել նրա ծամիչ մկանների աշխատանքը։

Infernogallus-ը, որի անունը թարգմանվում է որպես «դժոխային հավ», պատկանել է անատամ փետրավոր դինոզավրերի՝ կաենագնաթիդների խմբին։ Չափերով այն համեմատելի էր հնդկահավի հետ, իսկ զանգվածը կազմում էր մոտ 12 կգ։ Բրածո մնացորդները հայտնաբերվել են ԱՄՆ-ի տարածքում գտնվող Հելլ Քրիք երկրաբանական շերտախմբում․ նույն նստվածքներում հայտնաբերվում են նաև տիրանոզավրերի և տրիցերատոպսների բրածոներ։
Չնայած մսակեր նախնիներից ծագելուն՝ Infernogallus-ը հարմարվել էր բուսական սննդին։ Հետազոտողների վերակառուցման համաձայն, նրա գանգի կառուցվածքը թույլ էր տալիս ծնոտները շարժել առաջ ու հետ, այլ ոչ թե միայն ուղղահայաց փակել դրանք, ինչպես շատ այլ դինոզավրերի դեպքում էր։ Այսպիսի մեխանիկան օգնում էր տրորել պտուղների, այդ թվում՝ կորիզապտուղների փափուկ պտղամիսը՝ այն առանձնացնելով խոշոր կորիզից։

Ծամիչ մկանների նման կառուցվածք հանդիպում է որոշ ժամանակակից թռչունների մոտ, որոնք մասնագիտացած են մրգերով սնվելու մեջ, մասնավորապես՝ դրակուլա թութակի։ Գիտնականները կարծում են, որ նման առանձնահատկություններն առաջացել են որպես փափուկ սննդի մշակման հարմարվողականություն։
Հայտնագործությունը կարող է փոխել հնագույն էկոհամակարգերում դինոզավրերի դերի մասին պատկերացումները։ Հետազոտողների կարծիքով, Infernogallus-ը և այլ դինոզավրեր կարող էին տարածել բույսերի սերմերը՝ ուտելով պտուղները և սերմերը տեղափոխելով նոր տարածքներ։ Կավճի ժամանակաշրջանում ծաղկավոր բույսերն ավելի ու ավելի լայն տարածում էին ստանում, սակայն դրանց էվոլյուցիայի և դինոզավրերի բազմազանության միջև կապը մինչ այժմ մնում էր անբավարար ուսումնասիրված։
Infernogallus-ի գրեթե ամբողջական՝ ոսկրերի բնական միացումները պահպանած գանգը և կմախքի մի մասը ցուցադրված են Տորոնտոյի Օնտարիոյի թագավորական թանգարանում։ Գիտնականները նշում են, որ գտածոն փոքր դինոզավրերի սննդային մասնագիտացումն ուսումնասիրելու հազվագյուտ հնարավորություն է տալիս և հիշեցնում, թե որքան քիչ բան է դեռ հայտնի կավճի ժամանակաշրջանի վերջում նրանց բազմազանության մասին։





























