Ծովային թռչունները կարող են հարյուրավոր կիլոմետրերով շեղվել ուղուց յուրատեսակ «ջեթլագի» պատճառով, որն առաջանում է, երբ նրանց ներքին կենսաբանական ժամացույցը դադարում է համապատասխանել տեղական ժամանակին։ Այս եզրակացությանն են հանգել Օքսֆորդի համալսարանի հետազոտողները՝ վերլուծելով սև-սպիտակ մրրկահավերի GPS դիտարկումների 20 տարվա տվյալները։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են թռչունների, որոնք Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչում են կեր փնտրելու, ապա վերադառնում Մեծ Բրիտանիայի արևմտյան ափերի մոտ գտնվող կղզիների իրենց գաղութները։ Դեպի արևելք արագ թռիչքի ընթացքում մրրկահավերը հատում են մի քանի ժամային գոտի, ինչի պատճառով նրանց ներքին ժամացույցը կարող է տեղական ժամանակից հետ մնալ մոտ մեկ ժամով։

Մրրկահավերը, ինչպես շատ այլ կենդանիներ, շարժման ուղղությունը որոշելու համար օգտվում են Արեգակից։ Երկնքում դրա դիրքով ճիշտ կողմնորոշվելու համար թռչունները պետք է ներքին կենսաբանական ժամացույցի օգնությամբ հաշվի առնեն օրվա ժամը։ Երբ այդ ժամացույցի աշխատանքը խախտվում է, Արեգակը հայտնվում է ոչ այնտեղ, որտեղ թռչունն ակնկալում է այն տեսնել, և թռիչքի ուղղությունը կարող է փոխվել։

Հասուն մրրկահավերը, որպես կանոն, կարողանում են սխալներն ուղղել հենց թռիչքի ընթացքում։ Առավել արտահայտված դեպքերում նրանք ուղուց շեղվել են մոտ 15 աստիճանով։ Երթուղու ուղղումից հետո դա 1000 կմ երկարությամբ ճանապարհին ավելացրել է մոտ 5 կմ։

Առաջին անգամ հեռավոր թռիչքների մեկնող երիտասարդ թռչունների համար հետևանքները կարող են ավելի լուրջ լինել։ Նրանք դեռ չունեն բավարար փորձ և ճիշտ երթուղին ինքնուրույն վերականգնելու զարգացած կարողություն, ուստի կողմնորոշման սխալները կարող են նրանց հարյուրավոր կիլոմետրերով շեղել ուղուց։

Հետազոտողները նաև պարզել են, որ շեղումներ առաջացել են նույնիսկ այն ժամանակ, երբ թռչունները թռել են ափագծի երկայնքով և կարող էին կողմնորոշվել ցամաքի ծանոթ ուրվագծերով։ Սա լրացուցիչ հաստատում է Արեգակի կարևոր դերը մրրկահավերի կողմնորոշման գործում։

Բանգորի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հոլանդը, որը չի մասնակցել հետազոտությանը, արդյունքները նշանակալի է անվանել. դրանք բնական պայմաններում հաստատում են լաբորատոր փորձերի եզրակացություններն այն մասին, որ կենդանիների կողմնորոշումը կախված է Արեգակի դիրքից։

Միևնույն ժամանակ գիտնականները դեռ չեն պարզել, թե նման սխալներն ինչ չափով են ազդում թռչունների գոյատևման և գաղութներ հաջողությամբ վերադառնալու վրա։ Հասուն մրրկահավերն ի վերջո գտնում են դեպի բույն տանող ճանապարհը, իսկ երիտասարդ առանձնյակների համար կողմնորոշման խախտումների հետևանքները պահանջում են հետագա ուսումնասիրություն։