Հայաստանի հանրապետական կուսակցությունում չի քննարկվել նոր գլխավոր դատախազի թեկնածությունը: Այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Սահակյանի խոսքով՝ տվյալ պահին նպատակահարմար չէ քննարկել գլխավոր դատախազի թեկնածությունը, քանի դեռ գործող դատախազի լիազորությունները չեն ավարտվել. «Մարդն աշխատում է, իսկ մենք պետք է թեկնածությո՞ւն քննարկենք: Հենց լիազորություններն ավարտվեն, մենք կանդրադառնանք այդ խնդրին»:

Ի պատասխան այն հարցին, թե ինչպես է նա գնահատում պետական-իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի թեկնածությունը, քանի որ հենց նրա անունն է շրջանառում, Սահակյանը ընդգծել է. «Դավիթ Հարությունյանի թեկնածությո՞ւնն են առաջարկում: Դուք էլ իմն առաջարկեք»:

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի կեսին կավարտվեն գործող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լիազորությունները: