Անդալուսիայի քաղաքական ուժերից մեկի գլխավոր քարտուղար Սերխիո Ֆլորեսը հուսահատ քայլի է դիմել, որպեսզի հասարակության ուշադրությունը հրավիրի տարածաշրջանի խնդիրների վրա: Նա, մասնավորապես, թույլ է տվել ծեծել իրեն՝ այդ ամենը տեսագրելով եւ YouTube-ում տեղադրելով հետեւյալ գրությամբ. «Այլանդակում են քաղաքական գործչի դեմքը»:

Տեսանյութում կիսամութի մեջ նստած կիսամերկ քաղաքական գործչին երկու մարդ ծեծի են ենթարկում, իսկ նա թվարկում է Անդալուսիայի խնդիրները: Անհայտ է, թե ովքեր են այդ մարդիկ, որոնք կաշվե ձեռնոցներ հագած անընդհատ հարվածում են Ֆլորեսի դեմքին:

Բռնության ավարտից հետո Սերխիո Ֆլորեսը բռունցքով հարվածում է սեղանին եւ ասում. «Բավական է, մեզ չեն կարող լռեցնել. Անդալուսիան ավելին է արժանի»:
Ֆլորեսի խոսքով՝ իր անսովոր ակցիայի նպատակը ընտրողներին հասցնելն է, որ ոչ բոլոր քաղաքական գործիչներն են իրար նման: Կուսակցությունը, որը ներկայացնում է տեսանյութի հեղինակը, հանդես է գալիս տարածաշրջանի խնդիրների շուտափույթ լուծման օգտին: