Կոմիտաս 5 հասցեում սեպտեմբերի 5-ին ոստիկանների եւ շինարարության դեմ բողոքող բնակիչների միջեւ տեղի ունեցած քաշքշուկից տուժած 78-ամյա Էմմա Արիստակեսյանը ոստիկանների մեղքով է ուշագնաց եղել (ֆոտոռեպորտաժ)։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմել են դեպքին ականատես եղած քաղաքացիական ակտիվիստները, ովքեր նոր կառուցվող շենքի հարակից շենքերի բնակիչների հետ միասին պայքարում են շինարարության դեմ։

Ականատեսների խոսքով՝ էմմա Արիստակեսյանը պառկել է դարպասի դիմաց, որպեսզի շինարարական աղբը հեռացնելու համար տարածք եկած բեռնատարներին թույլ չտա մտնել շինհրապարակ։ Ոստիկանները պահանջել են, որ կինը հեռանա, ու երբ վերջինը չի ենթարկվել, նրան քարշ տալով հեռացրել են։ Կինը ուշաթափվել է, կանչով դեպքի վայր հասած շտապօգնությունը նրան ուշքի է բերել, սակայն տիկին Էմման հրաժարվել է հիվանդանոց գնալ, եւ շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է տուն։ Կնոջ վիճակը դեռ այնքան էլ լավ չէ, շտապօգնության բժիշկ Ցոլակյանը որոշել է կնոջ հետ մնալ այնքան, մինչեւ նրա վիճակը կկայունանա։

Տարածքում հավաքված փոքրաթիվ ակտիվիստները NEWS.am-ի թղթակցին ասել են, որ իրենց պայքարն այնքան էլ արդյունավետ չէ, որովհետեւ քիչ թվով բնակիչներ են միացել իրենց։

«Մենք մեզ ավելի լավ կզգանք, եթե բնակիչներն ավելի շատ լինեն։ Մեր պայքարն ավելի իմաստալից կլինի, եթե բնակիչների կողքին կանգնենք, զգանք, որ իրենք էլ են դեմ ու իրենց հետ պայքարենք»,- ասել է քաղաքացիական ակտիվիստ Սոնան։

«Կոլեկտիվ պայքար պետք է լինի։ Սա սոցիալական այլասերում է։ Պետք է չթողնենք, որ մեր վրայով քայլեն»,-  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարեն Բդեյանը։ 

Տարածքի բնակիչներից Վանիկ Հովհաննիսյանն էլ մեր թղթակցին ասել է, որ բողոքող բնակիչների փոքր թիվը պայմանավորված է նրանով, որ հարակից շենքերում «բնակիչ չի մնացել, բոլորը վարձով են ապրում»։

Այս պահին շինարարությունը Կոմիտաս 5-ում անարգել շարունակվում է։ Շինարարական աղբը տեղափոխող բեռնատարներից մեկն արդեն բեռնված  հեռացել է,  տարածք է մտել երկրորդ բեռնատարը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am