Minotaur V հրթիռակրով LADEE սարքը սեպտեմբերի 7-ին ուղարկվել է Լուսին` Երեւանի ժամանակով  7:27-ին, ԱՄՆ-ի Ուոլոփս տիեզերակայանից: Հրթիռակիրը LADEE-ի լուսնային զոնդը հաջողությամբ դուրս է բերել ուղեծիր: Մեկնարկից 23 րոպե անց սարքը զատվել է հրթիռակրի հինգերորդ աստիճանից եւ ինքնուրույն թռել:

Դա Orbital ձեռնարկության արտադրած  նոր Minotaur V արբանյակի, ինչպես նաեւ դեպի Լուսին Ուոլոպս կղզու տիեզերակայանից իրականացված առաջին թռիչքն էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սարքը տիեզերքում կմնա 23 օր` ճիշտ ժամանակին եւ ճիշտ դիրքով Լուսին դուրս գալու համար: Այնուհետեւ մեկ շաբաթվա ընթացքում մասնագետները զոնդը կտեղափոխեն լուսնի մոտ գտնվող ուղեծիր:

LADEE (Lunar Atmosphere and Dust Environment Explorer)-ի առաքելության նպատակն է լուսնի մթնոլորտի ուսումնասիրությունը: Լուսնի մթնոլորտը տրիլիոն անգամ բարակ է Երկրի մթնոլորտից, մասնագետներն այն էկզոլորտ են անվանում: Ուսումնասիրություն իրականացնելու համար` սարքը համալրված է  NMS սպեկտրոմետրով, UVS ուլտրամանուշակագույն սպեկտրոմետրով եւ փոշու մասնիկներ որսացող LDEX-ով, հայտնում է lenta.ru-ն: Տվյալները Երկիր փոխանցելու համար` սարքը կօգտագործի նաեւ լազերային օպտիկական համակարգ: 

NASA-ն տիեզերքում լազերային շոու կկազմակերպի

 Հաջողության դեպքում` LADEE-ն կդառնա առաջին տիեզերանավը, որի հետ նման գերարագ կապ կհաստատվի: