«Գրանդ Քենդի» գործարանում սեպտեմբերի 25-ի լուսադեմին բռնկված հրդեհը դեռ չի մարվել։ Ոտքի է հանվել մայրաքաղաքի ամբողջ հրշեջ տեխնիկան։ ԱԻՆ-ի փրկարար վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը լրագրողներին ասել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ դեպքի վայր են ուղարկվել նաեւ քաղաքապետարանի տրամադրության տակ գտնվող հրշեջ մեքենաները։ Գործարանի տարածք անընդհատ ժամանում են հրշեջ մեքենաները, ներսում կա նաեւ շտապօգնության մեքենա, ոստիկաններ: Գործարանի տարածքը շրջափակված է, լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ նույնիսկ դարպասին. որեւէ տեղեկություն չեն տրամադրում: Տարածքում հավաքվածները կարծիք հայտնեցին, որ գուցե հրդեհի ծավալները ավելի մեծ են, քան ներկայացվում են:
Մուշեղ Ղազարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ հրդեհը հիմնականում տեղայնացվել է, եւ այժմ իրենք պայքարում են տանիքի հրդեհի դեմ։ Ընդհանուր առմամբ, այրվել է 1800 քառակուսի մետր տարածք։ Հրդեհի հետեւանքով տուժողներ չկան: Հրդեհն այնքան ուժգին է, որ ծուխը երեւում է հարակից թաղամասերից:
Ի դեպ, NEWS.am-ի թղթակցին տարածքում աշխատող անձինք հայտնեցին, որ տարիներ առաջ էլ հրդեհ էր բռնկվել նույն ընկերության ծխախոտի արտադրամասերից մեկում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











