Սեպտեմբերի 26-ի երեկոյան ծեծի ենթարկվելու հետեւանքով վնասվածքներ ստացած ու «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 67-ամյա Սուրեն Գեւորգյանը այսօր կեսօրին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Նյարդաբանության եւ նեյրովիրաբուժական բաժանմունք: Բաժնի վարիչ Վահրամ Համբարձումյանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում. «Սուրենը ստացել է գլխուղեղի սալջարդ թեթեւ աստիճանի ծանրության, արյունազեղում: Կյանքին վտանգ չի սպառնում, ստանալու է կոնսերվատիվ բուժում» (ֆոտոռեպորտաժ):
Սուրենի կինը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ եթե երեք օրվա ընթացքում Սուրենի վիճակում դրական տեղաշարժ չլինի, նրան կվիրահատեն:
«Երեք օրից կստուգեն, եթե պարզեն որ գլխուղեղի արյունազեղումը դեռ պահպանվում է և արյունը շարունակում է լցվել, ուրեմն կվիրահատեն»,- ասաց Թագուհի Գեւորգյանը:
Սուրեն Գևորգյանը NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ դեպքի օրը ընկերոջ՝ Սահակի հետ, երեկոյան իջել է բակի խաղասենյակ, որտեղ հավաքվում են ամեն երեկո: 50-ամյա Հրաչը եկել է մի ընկերոջ հետ, իրենց հետ օղի են բերել և սկսել են խմել: Որոշ ժամանակ անց Հրաչը ալկոհոլի ազդեցության տակ սկսել է գոռգոռալ՝ սպառնալով Սահակին, թե «դուք էս իշխանության դեմ եք, ով էս իշխանության դեմ լինի, իմ թշնամին ա, ես դրանց կկոտորեմ, կջարդեմ»: Սուրենի խոսքով՝ դրանից հետո Հրաչը սկսել է հայհոյել: Երբ Սուրենը միջամտել է, Հրաչը վերցրել է օղու շիշը և նետել Սուրենի ուղղությամբ: Շիշը բարեբախտաբար նրան չի դիպչել:
Սուրենն ու Սահակը վեճը չթեժացնելու համար որոշել են տուն գնալ, սակայն շքամուտքում Հրաչը հասել է Սուրենին ու հարվածել: Սուրենի քթից սկսել է արյունահոսել, ուշաթափվել է: Ուշքի գալուց հետո մտել է Սահակի տուն և ոստիկանություն կանչել: Ոստիկանները Սուրենին և Հրաչին բերման են ենթարկել:
Սուրենի խոսքով՝ երբ ինքը ոստիակնությունից դուրս է եկել, տեսել է, թե՝ ինչպես են Հրաչին սպասում մոտ 10 երիտասարդներ, որոնց Սուրենը անվանեց «թաղային հեղինակություններ, որոնք գործել են բոլոր ընտրությունների ժամանակ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրենի ընկերը՝ Սահակ Պողոսյանը, NEWS.am-ին պատմել էր, որ իրենք ակտիվ մասնակցում են Նախախորհրդարանի քաղաքացիական նախաձեռնություններին եւ վաղուց էին զգացել, որ իրենց հետեւում են:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











