Հոկտեմբերի 5-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում մեկնարկեց «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը: Այս տարի ազգային կինոյի ամիսը նշում է նաև հայկական կինոյի հիմնադրման 90-ամյակը, ինչպես նաև հայկական մուլտֆիլմի 75-ամյակը: Այս տարվա փառատոնը որոշել են սկսել Գյումրիից, քանի որ 2013թ. Գյումրին հայտարարվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների նախագահ Ռուբեն Գևորգյանցը նշեց, որ մեր կինոն չի մահացել, ինչի մասին է վկայում փաստը, որ ամեն տարի հայկական խաղարկային եւ վավերագրական ֆիլմերը մրցանակներ են ստանում միջազգային փառատոներում. «Դա մեծ ցուցանիշ է, որովհետև այս սուղ պայմաններում, եթե ես ձեզ ասեմ, օրինակ, կողքի հանրապետությունները ինչքան գումար են ստանում պետությունից կինո նկարելու համար, հետո ես ասեմ, թե Հայաստանի կինոն ինչքան է ստանում, դուք ուղղակի չեք ծիծաղի` կլացեք»:
Փառատոնը բացվեց Անահիտ Արփեն կարճամետրաժ «Ձոներգ» ֆիլմի ցուցադրությամբ, որում Գյումրիի մասին մի ամբողջ արխիվ էր ներկայացված:
«Շատ խելոք են արել, որ «Կինոաշունը» սկսել են Գյումրիից»,- ասաց Գյումրիի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը՝ ընդգծելով, որ «Գյումրին եղել ու մնում է արվեստների օրրանը»:
Փառատոնի բացման օրը եզրափակվեց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի ցուցադրությամբ:
Կինոաշունը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 30-ը: Կինոդիտումներ կկազմակերպվեն Երեւանի տարբեր համայնքներում, մարզերում, զորամասերում, ուսումնական հաստատություններում, կլինեն նաեւ բացօթյա ցուցադրումներ զբոսայգիներում, հետահայաց ցուցադրություններ:











