ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը երազում է, որ ժողովուրդն ազատ ապրի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 8-ին,  Էջմիածնի տոնի ժամանակ ասաց ինքը՝ Մանվել Գրիգորյանը: Նրա խոսքով՝ մնացածը ժողովուրդն ինքը կստեղծի, քանի որ ստեղծագործ է:

«Իմ երազանքն ա, որ իմ կիսատ թողած գործը վերջանա, հայ ժողովուրդը պատերազմից հեռու մնա: Մնացածը վստահ եմ, վստահում եմ մեր երեխաներին, մեր ժողովրդին, որ իրանք ձեռքի հետ ամեն ինչ էլ կանեն: Իմ երազանքն ա, որ պատերազմը վերանա, հայ ժողովուրդը պատերազմ չտեսնի: Ես գիտեմ ինչ պատերազմ է սպասվում կամ ինչ է սպասում, որովհետեւ անմիջական շփում եմ ունեցել: Աստված չտա, որ պատերազմ լինի»,- նշեց Մանվել Գրիգորյանը:

Դիտարկմանը, թե ի՞նչ է սպասվում մեզ, նա պատասխանեց. «Եթե էծերի պես քամակներս բացենք խալխի առաջ, շատ վատ բաներ են սպասվում: Իսկ եթե որպես հայ մարդ միասնական լինենք, վատ բաներ չի սպասվի: Մեզ միասնություն է պետք, որ հզոր եւ ամուր լինենք, որ ոտնձգողին իր տեղը դնենք: Իսկ, եթե թույլ լինենք, խեղճ լինենք, տարբեր կողմեր քաշվենք, անպայման, պատերազմ կլինի: Եթե մեկս մյուսիս վարկաբեկենք, վատ լինենք, ամեն ինչի մեջ վատը տեսնենք, մեր երեխաների համար վատ կլինի: Այսօր ով վատ բան է անում առաջինն իր եւ իր երեխաների համար է անում: Վատ բան անողը պետք է մտածի, որ իր երեխայի դեմ է անում»: