Որպես իմ որդի՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, խորհուրդներ տվել եմ, բայց մինչեւ հիմա նրա կաբինետի տեղը չգիտեմ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 8-ին,  Էջմիածնի տոնին նվիրված  միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:

«Ազնվությամբ եմ ասում, իրա կաբինետը չգիտեմ քաղաքապետարանում է, թե մեկ այլ տեղ, ոչ էլ գիտեմ, թե ոնց են մտնում: Բայց հարցեր լինում են, որ միջամտում ենք, օգնում եւ այլն»,- ասաց նա:

Հարցին, թե քաղաքում կատարված աշխատանքները գոհացնո՞ւմ են իրեն, թե՞ ոչ, Գրիգորյանը պատասխանեց. «Կարեւորը, ոչ թե ինձ, այլ ժողովրդին գոհացնի: Բայց ես միշտ ժողովրդին նայելով, խոսեցնելով հասկացել եմ, որ  ոչինչ, գոհ են: Ընդհանրապես այսօր աշխարհում էն չի, ինչ պետք  է արվի, բայց հնարավորություններն այսքանն են: Ինչ հնարավորություն ունի իմ որդին՝ ներդնում է: Մենք էլ մեր հնարավորության սահմաններում օգնում ենք` սկսած ֆինանսական, բարոյական, վերադասերին, ներդրողներին միջամտությամբ եւ այլն»,- նշեց Մանվել Գրիգորյանը եւ ավելացրեց, որ էջմիածնի համար ինչ էլ անեն քիչ է: