Բնակավայրը ինչքան սրբավայրին մոտ է լինում, այնքան ժողովուրդը բարի է լինում: Մեր ժողովուրդը բարի է, դա էլ, երեւի,  մեր եկեղեցիներից է, էլի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 8-ին, Էջմիածնի 2698-ամյակի միջոցառման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը:

«Ամեն րոպե խաչակնքվում ենք, Աստծո հետ մոտ ենք երեւի: Շատ մարդկանց ենք հրավիրել, բայց ամեն մեկը իրա գործը ունի, ով եկել է՝ շնորհակալ ենք, ով էլ չի եկել, էլի շնորհակալ ենք: Կարեւորը, մեր ժողովուրդը ուրախ է: Բարով եք եկել մեր Էջմիածին , լավ եք արել, որ եկել եք: Էջմիածինը  համայն հայությանն է: Տեսնո՞ւմ եք, ոնց ենք սիրում  եւ ինչ մաքուր է մեր քաղաքը, որովհետեւ սա սրբավայր է»,- պարզաբանեց Սեդրակ Սարոյանը: 

Արձագանքելով խոսակցություններին, թե Էջմիածին քաղաքում վախի մթնոլորտ կա գեներալ բնակիչների պատճառով, գեներալ-պատգամավորն ասաց. «Հիմա վախի մթնոլորտ տեսնում ե՞ք, կա՞: Սաղ ջիգարով ա: Սաղին արդեն ճանաչում ենք, ինչի՞ց վախենան: Ումի՞ց վախենան: Հիմա մենք ենք սաղից վախում»:

Իսկ, երբ  հարցրեցինք, թե երբ քաղաքացիները մոտենում են, ինչ խնդրանքներով են դիմում, Սարոյանն ասաց. «Տարբեր, տարբեր: Բայց ես հո՞ խաբար բզիկ չեմ, որ ասեմ: Հիմա մարդ է՝ եկել է, մի բան խնդրել է, հո չեմ հելնի, տելեվիզորով ասեմ»: