«Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Մանվելի տղեն ա` բա պետք ա Մանվելի նման աշխատասեր լինի»: Էջմիածնի քաղաքապետին այսպես էր գովում ԱԺ պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը այսօր`հոկտեմբերի 8-ին, Էջմիածնի 2698-ամյակի միջոցառման ժամանակ:

Հարցին, թե Էջմիածնի քաղաքապետի աշխատանքում ինքն ու Մանվել Գրիգորյանն ինչ դերակատարում ունեն, Սարոյանն ասաց. «Մեր քաղաքապետը կարգին տղայա: Կարգին աշխատող մարդ ա: Մենք ինչով կարողանում, օգնում ենք, բայց ոչ թե իրա փոխարեն աշխատում: Լավ էլ աշխատում ա ու լավ էլ իրավիճակին տիրապետում: Իրան ինչ ա եղել, որ հովանավորվի, կարգին տղայա: Ամեն  ինչից կուրսի ա: Պադեզդ առ պադեզդ գիտի՝ որտեղ ինչ ա կատարվում: Ինչի՞ մենք այդքան ժամանակ ունենք, որ քաղաքապետի գործերը անենք»,- նշեց ԱԺ պատգամավորը:

Հարցին, թե քաղաքապետի լավ աշխատելը կապ ունի Մանվել Գրիգորյանի հետ, նա ավելացրեց. «Ո՞նց կապ  չունի: Բա Մանվելի տղեն ա, կարողա օդից ա եկել: Այ քեզի բան, բա Մանվելի տղեն ա` պետք ա Մանվելի նման աշխատասեր լինի:Իհարկե, ունի, բա իրա հոր պատիվն էլ ա  չէ, որ էս քաղաքը լավը պետք է լինի: Բա, իհարկե»:

Լրագրողները խնդրեցին նաեւ բնութագրել Մանվել Գրիգորյանին ինչին ի պատասխան Սարոյանն արձագանքեց. «Զորավար, ուժեղ մարդ, ազգի ընտրյալ տղա, ազգի որդի, պարծանք: Գեներալս շատ ուժեղ մարդ ա, մեկ-մեկ լրագրողները ջղայնացնում են, բայց ոչինչ: Բայց վռազ անցնում ա: Գիտեք չէ, ջղայն մարդու սրտին բան չկա: Ստեղ կռվում են, ընդեղ բարիշում»: Հարցին, թե պատահել է, որ իրենք էլ կռվեն, պատգամավորն ասաց. «Ես զահլա չունեմ: Ես իմ փայ կռիվը արդեն արել եմ: Ես իրա հետ չեմ վիճել: Ինքը իմ մեծ ախպերն ա, ո՞նց կարամ իրա հետ վիճվեմ: Մեկ-մեկ տարաձայնություն լինում ա, բայց հետո դզում ենք: Բայց վեճ չի լինում:Ես միշտ իրա  խոսքերը առավել եմ համարել՝ որպես իմ մեծ ախպեր: Ճիշտ են ասում տանը, որ մեծ չեղավ, ուրեմն էտ տունը պետք է պաժառ տաս, վառես: Միշտ պետք է մեծին հարգող լինես»:

Սարոյանը քաղաքական հարցերի չպատասխանեց՝ պատճառաբանելով. «Էսօր տրամադրությունս բարձր ա, քաղաքականությամբ չեմ զբաղվում»: