Ադրբեջանի ընդդիմությունը հայտարարել է հոկտեմբերի 9-ին ընթացող նախագահական ընտրությունների ընթացքում զանգվածային ընտրակեղծիքների մասին:
Հենց առավոտից ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի շտաբը տարածել է մի քանի հաղորդագրություններ, որոնցում մանրամասն, ըստ ընտրատարածքների, նկարագրված են ընտրական օրենսդրության կոպիտ խախտումների դեպքերը:
Մասնավորապես, Խաչմազում եւ Սաբիրաբադում ընդդիմությունը ներկայացնող շատ դիտորդների հեռացրել են ընտրատեղամասերից, Օրգուզում եւ Գաբալայում ոստիկաններն ու գյուղապետերը կանգնել են ընտրատեղամասերին մուտքերի մոտ եւ քվեարկողներին հուշել, որ պետք է քվեարկել Իլհամ Ալիեւի օգտին:
Խաչմազում եւ Քյուրդամիրի շրջանում գործող նախագահի օգտին քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ են արձանագրվել: Իսկ Բաքվի Բինագադինի շրջանում Ալիեւի կողմնակիցներն այնքան են ոգեւորվել, որ ժ. 11.00-ին քվեատուփում արդեն քվեաթերթիկների համար տեղ չի եղել եւ ընտրողները չեն կարողացել քվեարկել:
Սումգայիթում, ըստ minval.az-ի, քաղաքացիների քվեարկման գործընթացը վերահսկում եւ ուղղորդում են ոստիկանները: Երկրի պետական աշխատողներին զանգվածաբար տանում են ընտրատեղամաս եւ ստիպում կատարել «ճիշտ» ընտրություն:
Միաժամանակ, ԿԸՀ-ն հայտարարել է ընտրական բարձր ակտիվության մասին, որը բնորոշ է ազիական հետամնաց երկրների համար. պաշտոնական տվյալով՝ 10.00-ի դրությամբ իբրեւ թե քվեարկել էր ընտրողների ավելի քան 18%-ը:
Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության «Ջարչի» լրատվական հաղորդման եթերում ընտրատեղամասերից ուղիղ միացումներ են ցուցադրվել, որոնց ընթացքում հանձնաժողովների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների «բարձր ակտիվության մասին: Աչքի է ընկել նաեւ «անկախ» «Lider» հեռուստաալիքը, որը Հուսարի շրջանից ուղիղ միացման ժամանակ փոխանակ քվեարկության ընթացքի մասին խոսելու, ոգեշնչված պատմել է, թե շրջանում Իլհամ Ալիեւի կառավարման տարիներին որքան դպրոց ու մանկապարտեզ է կառուցվել՝ ուղղակիորեն քարոզելով գործող նախագահի օգտին: Միաժամանակ, հեռուստաալիքներից ոչ մեկը ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի շտաբի հայտարարած զանգվածային ընտրակեղծիքների մասին չի հաղորդում:
Ադրբեջանի նախագահական ընտրությունների քվեարկությունը կավարտվի երեւանյան ժամանակով ժ. 18.00-ին: Գործող նախագահ Իլհամ Ալիեւը, Սահմանադրությունն իրեն հարմարեցնելով, փորձում է ընտրվել երրորդ անգամ:











