ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների գործով դատական նիստը։
Դատարանի ներսում եւ դրսում հավաքվել են ՀԱԿ անդամներ եւ համակիրներ, ովքեր հույս ունեն, որ գուցե այսօր դատարանը վճիռ կկայացնի եւ երիտասարդները համաներումով հենց դատարանի դահլիճից ազատ կարձակեն։
Այս պահին ցուցմունք է տալիս գործով վկա Շահեն Հարությունյանը։ Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել նրան կրկին դատարան կանչելու եւ հարցաքննելու վերաբերյալ՝ հաշվի առնելով ի հայտ եկած նոր հանգամանքները, եւ դատարանը բավարարել էր պահանջը։
Փաստաբանների բոլոր հարցերին Շահեն Հարությունյանը պատասխանում է. «Չեմ հիշում»։
Շահեն Հարությունյանն այն տուժողն է, որը «Խնկո ապոր» գրադարանի մոտ կատարվածը իր հեռախոսով նկարահանել էր, սակայն ոչ ոք այդ տեսանյութը չի տեսել, քանի որ ոստիկանը շարունակ պնդում է, որ միջադեպի ժամանակ Տիգրանն իրեն հարվածել, գցել է գետնին, և ինքը հեռախոսը կորցել է։ Տիգրան Առաքելյանը նախորդ նիստին հայտարարեց, որ ոստիկանը ստում է, քանի որ, ըստ «Վիվասել» ընկերության տրամադրած փաստաթղթի, այս հեռախոսահամարի հետ կապը 2011-ից մինչև առնվազն այս տարվա օգոստոսը չի խզվել:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Վերաքննիչ դատարանը մի քանի անգամ մերժել է Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











