ՀՀ Վերաքննիչ դատարանում ավարտվեց Տիգրան Առաքելյանի եւ ՀԱԿ մյուս ակտիվիստների գործով հոկտեմբերի 9-ի դատական նիստը։ Դատավոր Եվա Դարբինյանը հայտարարեց, որ նիստն ընդհատվել է դատարանի դահլիճում բարձրացած աղմուկի պատճառով, եւ հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 11-ին։

Տիգրան Առաքելյանը, որն ընդմիջումից առաջ հայտարարել էր, որ պաշտոնապես հրաժարվում է համաներումից, լուռ էր եւ ոչ մի կերպ չարձագանքեց որոշմանը։

Եվա Դարբինյանի հայտարարությանը բուռն արձագանքեց դահլիճը՝ վանկարկելով «Եվա, հանցագործ»։ Ավելի վաղ դատավորը Տիգրան Աառքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանին թույլ չէր տվել իր պաշտպանյալի  խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն ներկայացնել։  

Վերաքննիչ դատարանը մի քանի անգամ մերժել է Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am