«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները հոկտեմբերի 9-ին, ժամը 15։00-ից սկսելու են երթը դեպի «Ծածկած շուկա»։ Մինչ այդ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ծածկած շուկայի» առջեւ սկսել են հավաքվել պատգամավորին սատարող բոլոր ակցիաներին մասնակցող կանայք։ Տարածքում նաեւ ոստիկաններ կան։
Քիչ առաջ՝ ժամը 15։10-ի սահմանում, շուկա է եկել Սամվել Ալեքսանյանը, որն իր թիկնապահների ուղեկցությամբ պտտվել է շուկայով ու արագ հեռացել։
NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ հոկտեմբերի 7-ից «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը վերսկսում է բողոքի ակցիաները։ Ամեն օր ժամը 15։00-ին ակտիվիստները հավաքվելու են Մաշտոցի պուրակում, որտեղից քայլելու են դեպի «Ծածկած շուկա»։
Վերակառուցված ու արդեն մշակութային արժեքը կորցրած «Ծածկած շուկայի» միրգ-բանջարեղենի բաժինները վերաբացվել են հոկտեմբերի 7-ին, իսկ այսօրվանից գործում է նաեւ սուպերմարկետը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











