«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռության անդամները հասել են «Ծածկած շուկա» (ֆոտոռեպորտաժ)։ Դեղին գլխարկներով եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը բոյկոտելու կոչերով պաստառներ մեկնած՝ նրանք կանգնել են շուկայի ձախ կողմում։

Շուկայի աջ մասում հավաքվել են Ալեքսանյանին սատարողները, ովքեր վանկարկում են «հեռացեք», «դուք թշնամի եք» եւ փչում են «վուվուզելաներ»։

Նրանք հայտարարել են, որ ակտիվիստներին կոչ են անում հեռանալ ոչ միայն շուկայից, այլեւ Հայաստանից. «Ձեր նմաններն այստեղ տեղ չունեն»։

Երկու կողմերի մեջտեղում ոստիկաններն ու լրագրողներն են։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ իրավապահները փորձում են զսպել Ալեքսանյանի մարդկանց, որոնք ամեն կերպ ձգտում են ճեղքել ոստիկանների պատը եւ մտնել ակտիվիստների շարքերը։

Ավելի վաղ, մաշտոցի պուրակում ակտիվիստներն իրենց ելույթներում չէին բացառել այսօր բախումների հնարավորությունը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am