Համաներումը թեեւ տարածվում է Տիգրան Առաքելյանի վրա, և դրա կիրառումը պարտադիր է, անկախ նրա ցանկությունից, սակայն Տիգրան Առաքելյանը համաներումից պաշտոնապես հրաժարվելու մասին իր հայտարարությամբ ևս մեկ անգամ ասում է, որ ինքը ցանկանում է լիարժեք օգտվել իր դատավարական իրավունքներից և հասնել արդարացման ակտի կայացման: Այդ մասին հոկտեմբերի 9-ին՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով դատական հերթական նիստից հետո լրագրողներին ասաց Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

«Եթե երկու օր հետո պաշտպանության և մեղադրանքի ճառերով կողմերը հանդես գան, և դատարանը հեռանա՝ որոշում կայացնելու, վստահաբար կարող ենք ասել, որ Տիգրան Առաքելյանը ազատության մեջ կլինի: Համաներման կիրառումը համաներվողի կամքից, ցանկությունից կախված չէ»,- ասաց փաստաբան: Շուշանյանը հիշեցրեց, որ համաներման որոշումը տարածվում է Տիգրան Առաքելյանի վրա և դրա արդյունքում նրան կալանքի տակ պահելու հիմքերը վերացված են, ուստի դատարանը պետք է սեփական նախաձեռնությամբ Տիգրանի Առաքելյանի կալանքը վերացներ և պաշտպանությանը թույլ չտար խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնել:

«Թե նախորդ դատական նիստի ժամանակ, թե այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանն ակնհայտ կամայական կերպով սահմանափակեց պաշտպանության կողմի իրավունքը: Պաշտպանական կողմն ունի միջնորդություններով հանդես գալու իրավունք։ Առավել ևս երբ խոսքը վերաբերում է անձի հիմնարար իրավունքներից մեկին` ազատության սահմանափակման վերացմանը, դատարանը պետք է անմիջապես քննության առներ այդ միջնորդությունը և որոշում կայացներ»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ առնվազն հոկտեմբերի 7-ից Տիգրան Առաքելյանը պետք է գտնվեր ազատության մեջ։ Տիգրան Առաքելյանի գործով մյուս փաստաբանը` Ստեփան Ոսկանյանը, ասաց, որ խափանման միջոցի փոփոխման «անհարկի ձգձգումը» դատարանը հիմնավորեց դատական վիճաբանությունների փուլում գտնվելու հանգամանքով, այնինչ «դա ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանը պաշտոնական ճառին տրված ժամանակի հաշվին շարունակում է ապօրինի կալանքի տակ պահել Տիգրան Առաքելյանին»:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանի գործով դատը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 11-ը: Փաստաբան Շուշանյանի խոսքով՝ ճառերը պատրաստելու համար 2 օրը շատ քիչ է, մանավանդ որ նոր փաստեր ի հայտ եկան:

«Վերաքննիչ դատարանը որդեգրել է այն մարտավարությունը, որ մեզ ստիպի արհեստականորեն արագացնել պրոցեսը։  Այսինքն մեզ դնում է ընտրության առաջ. կամ 2 օր անց կգաք ճառը կասեք, կամ Տիգրան Առաքելյանը կշարունակվի պահվել կալանքի տակ»,- նշեց փաստաբան Շուշանյանը:

Փաստաբանը նշեց, որ հոկտեմբերի 9-ին դատարանում տուժողի` Շահեն Հարությունյանի հարցաքննությամբ պարզվեց, որ նա թե դատարանում, թե նախաքննության ընթացքում տվել է «իրականությանը չհամապատասխանող ցուցմունք», և պաշտպանվող կողմն իրենց ճառի ժամանակ դիմելու է դատարանին, որպեսզի դատարանը համապատասխան միջնորդությամբ հանդես գա տուժողին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Ըստ փաստաբան Ոսկանյանի՝ տուժողի այսօրվա ցուցմունքը նախապես «մշակված, պլանավորված» էր` «չասել որևէ ավելորդ բան, չնշել նոր հանգամանք, չպատասխանել հարցերին, քանի որ յուրաքանչյուր նոր նշված ցուցմունք կարող էր ինչ-որ բան ջրի երես հանել»:

Համաներումի կիրառումից հետո պաշտպանական կողմը դիմելու է վճռաբեկ դատարան, եթե Վերաքննիչ դատարանը չկայացնի արդարացման որոշում:

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում:

Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am