FEMEN խմբի մասնակիցները հոկտեմբերի 9-ին Իսպանիայի խորհրդարանում հերթական բողոքի ակցիան են անցկացրել: Կուրծքը մերկացնելով՝ աղջիկները սկսել են կանանց աբորտի իրավունքը պաշտպանող կարգախոսներ  վանկարկել:

Ակցիան ուղղված էր իշխանությունների՝ աբորտների վերաբերյալ օրենսդրությունը խստացնելու մտադրության դեմ:

Ակցիայի մասնակիցները սովորական այցելուների նման մտել են խորհրդարանի դահլիճ՝ տեղավորվելով դահլիճին նայող պատշգամբում: Ակտիվիստուհիները մերկացել են եւ իրենց ակցիան սկսել արդարադատության նախարար Ալբերտո Լուիս Գալյարդոնի զեկույցի ժամանակ:

Աղջիկներին փորձել են հեռացնել խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցները: Այդ ընթացքում ընդդիմադիր «Միավորված ձախեր» կոալիցիան նրանց ծափահարել է:

Աբորտների մասին օրենքի փոփոխությունը վարչապետ Մարիանո Ռախոյի նախընտրական խոստումներից էր: Ներկայիս օրենքը թույլ է տալիս աբորտ կատարել մինչեւ հղիության  14-րդ շաբաթը, իսկ պտղի դեֆորմացիայի դեպքում թույլատրվում է ընդհատել անգամ 22 շաբաթական հղիությունը: