Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված «Եկեք կանխենք գազի թանկացումը, միացեք հայեր» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության շենքի մոտից երթով գնաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իրենց բողոքն արտահայտելով գազի սակագնի «ապօրինի» բարձրացման դեմ։

Վարչապետից եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ցուցարարները պահանջում են վերականգնել գազի նախկին սակագինը,  փոխհատուցել «անօրինական որոշման արդյունքում» սպառողների կրած վնասները, և անմիջապես դադարեցնել հանձնաժողովի լիազորությունները, ապա հանձնաժողովին ենթարկել պատասխանատվության։

Նախաձեռնությունն իր հարցերի լիարժեք պատասխանը չստանալու դեպքում «դիմելու է քաղաքացիական անհնազանդության»՝ գազի ու էլեկտաէներգիայի համար վճարելով նախկին սակագներով։

«Ի՞նչ է քվեարկել կառավարությունը գազի սակագնի վերաբերյալ որոշումն ընդունելիս՝ դեմ, թե կողմ, ե՞րբ է կնքվել պայմանագիրը՝ ամիս, ամսաթիվ, ո՞վ է ստորագրել պայմանագիրը, ի՞նչ գին է ամրագրված պայմանագրում, ինչո՞ւ չի հրապարակվում պայմանագիրը, եթե պայմանագիրը գոյություն չունի, ով պիտի պատասխան կրի գազի սակագնի «ապօրինի բարձրացման համար». սրանք այն հարցերն են, որոնց պատասխաններն ակնկալում են ստանալ ակտիվիստները։

Հարցերն առաջացել են Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունից հետո, որ գազի թանկացման վերաբերյալ պայմանագիր չի ստորագրվել։

«Այստեղից ՀՀ քաղաքացին կարող է եզրակացնել, որ շուրջ 3 ամիս է՝ իրենից խաբեությամբ փող են գողանում պետական մակարդակով»,- հայտարարում են ակտիվիստները՝ հիշեցնելով, որ հունիսի 7-ից ՀՀ քաղաքացիները գազի և էլեկտրաէներգիայի համար ավելի բարձր են վճարում։

Մինչեւ ՀԾԿՀ ակտիվիստներն քայլեցին՝ վանկարկելով «ոչ գազի թանկացմանը»։  Ճանապարհին նրանք բարձրախոսով կոչ էին անում անցորդներին միանալ իրենց պայքարին։ «Դուք ձմռանը գազ չե՞ք վառելու»,- անտարբեր անցորդներին հանդիմանում էին նրանք։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն պայքարում իրենց իրավունքների համար, չեն պարտադրում իրենց կամքը իշխանություններին։ Մենք ասյօր տեսնում ենք, թե ինչքան քիչ մարդ է միացել այս պայքարին։ Եթե Հայաստանի քաղաքացին չպայքարի իր իրավունքների համար, ոչ ոք նրա փոխարեն դա չի անի»,- հայտարարեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը։

Գազի թանկացման դեմ պայքարողներին ճանապարհին միացավ միայն մեկ մարդ։

Տնտեսագետ Արամ Գրիգորյանը հայտարարեց, որ կատարվածի պատասխանատվությունը կրում է հանձնաժողովը, որովհետեւ միայն այդ մարմինը կարող է սահմանել գազի գինը. «Հանձնաժողովը մեր գրավոր հարցմանը պատասխանել է, որ պայմանագիր կա, բայց այն պարունակում է գաղտնիք։ Հայաստանի Հանրապետությունում «Հայռուսգազարդի» հետ որեւէ գործարք հանրային գաղտնիք չի կարող պարունակել։ Որովհետեւ այդ ընկերությունը մենաշնորհային է, այնտեղ բիզնես շահեր չկան, եւ բիզնես գաղտնիք չի կարող լինել։ Հանձնաժողովը գնաց ավելի մեծ ապօրինության. ասում է, որ «Հայռուսգազարդը» գրել է, որ պայմանագիրը գաղտնի է։ Սակայն այդպիսի նամակ էլ չկա»։

Տնտեսագետի խոսքով՝ հանձնաժողովն այդ պայմանագիրը գաղտնիք համարելու համար պետք է նիստ աներ ու որոշեր, որ փաստաթուղթը գաղտնի է, ինչը չի արել։ «Խախտումներով ընդունված որեւէ որոշում իրավական հիմք չունի»,- հայտարարեց նախաձեռնության անդամը։

Ակտիվիստները հանձնաժողովին հորդորեցին ամբողջ կազմով իջնել ու հանրությանը պատախան տալ, թե ինչու են խաբել ժողովրդին։

«Ձեզ ենք վառելու գազի փոխարեն», «իջի, իջի» վանկարումներով ակցիայի մասնակիցները մոտ 30 րոպե կանգնեցին հանձնաժողովի դիմաց, բայց այդպես էլ ոչ ոք նրանց չմոտեցավ։

Նախաձեռնության հաջորդ ակցիան հոկտեմբերի 17-ին է։ Ակտիվիստները հույս ունեն, որ ավելի մեծ թվով քաղաքացիներ կմիանան իրենց, քանի որ գազի գինն առնչվում է յուրաքանչյուրին։