«Մենք ենք տերը մեր երկրի. ամեն ծառի ու թփի», «Արտմատախիլ անենք քաղցկեղը Թեղուտից», «Մի սպանեք մեր երեխաների ապագան». այս կոչերով եւ պաստառներով այսօր՝ սեպտեմբերի տասին, ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները «ամոթ, ամոթ» վանկարկումներով գնացին դեպի ВТБ բանկի գլխավոր մասնաշենք, որտեղ պահանջում էին չֆինանսավորել «Վալլեքս-գրուպի» խմբի մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ին։ Ակտիվիստները բանկն անվանում էին «Թեղուտի անտառի սպանդի գլխավոր հովանավոր»  եւ քաղաքացիներին կոչ էին անում չօգտվել բանկի ծառայություններից։

«Հանքատերը գլուխ է գովում, որ հանքի պոչամբարը տարածաշրջանում լինելու է ամենամեծը: Ինչպե՞ս կարելի է թունամբարով հպարտանալ, էդ թույնը ներծծվելու է մեր ջրերի մեջ, ոչնչացնելու է բույսերը, կենդանիները, վնասելու է մարդկանց»,- բողոքում էր Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանը:

Նրանց խոսքով՝ «Թեղուտի» հանքավայրը օգտակար հանածոների արդյունահանման նպատակով օգտագործելը, ընդերքի շահագործումն ու խտանյութերի արտադրությունը կթունավորեն շրջակա միջավայրը եւ պատճառ կդառնան Լոռու մարզի բնակիչների շրջանում քաղցկեղի առաջացմանը:

Երթն ավարտվեց «Վալլեքս-գրուպ» ընկերության շենքի մոտ:

«Վալեքս-գրուպը փորձում է ոչնչացնել Հայաստանի ողնաշարը՝ Լոռին։ Հայաստանում ապրելու տեղ չկա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերության հետեւանքով ծանր մետաղներն արդեն հասել են Երեւան՝ Հայաստանի սիրտը։ Թունավորվում են մեր ջրերը, թունավորվում է մեր օդը»,- հայտարարեց Գեւորգ Սաֆարյանը։