ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու հայցով դատական նիստը հոկտեմբերի 10-ին սկսվեց սկանդալով։ Վոլոդյային սատարելու եկած ազատամարտիկներին թույլ չտվեցին ներկա գտնվել նիստին՝ ասելով, որ նիստը դռնփակ է։ Սա չկանգնեցրեց ազատամարտիկներին, ովքեր ուժով ներխուժեցին դատարանի դահլիճ։ (ֆոտոռեպորտաժ)
«Օրենքը մենք ենք, էսօր ուստուպկի էթանք, էգուց վրեքներս կատոկ կէնեն»,- գոռաց ազատամարտիկներից մեկն ու մտավ շենք՝ իր հետեւից տանելով մյուսներին։
«Մենք որ կռիվ կէնեինք, իրանք կնգտաց փեշերի տակից դուրս չէին գա»,- գոռաց մյուսը, ու դատական կարգադրիչներին բրդելով ու ամոթանք տալով՝ ազատամարտիկներըդուռը հրեցին, բացեցին բացեցին ու մտան դահլիճ։
Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը ներկաներին փոխանցեց ազատամարտիկի խնդրանքը՝ բունտ չանել ու հանգիստ դրսում սպասել նիստի ավարտին։ Ազատամարտիկներն այս պահին դատարանի բակում են, նիստն ընթանում է դռնփակ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատության հրապարակում ազատամարտիկների բողոքին միացած պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ/ գործի շրջանակներում է ձերբակալվել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը, ապա կալանավորվել:
Գործի նյութերով՝ Վ. Ավետիսյանը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը արդեն երկար ժամանակ նստացույցեր եւ հանրահավաքներ է իրականացնում Երեւանում եւ ՀՀ այլ քաղաքներում՝ պահանջելով ազատամարտիկների կենսաթոշակները կրկնապատկել, զոհվածների ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին արժանապատիվ կենսաթոշակ նշանակել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











