Հոկտեմբերի 10-ին «Փակ շուկայի» մոտ հավաքված՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները հայտարարեցին, որ ստեղծում են նոր շարժում՝ «Նոր Երեւան»։
«Շարժման նպատակն է միավորել հին ու նոր Երեւանները»,- հայտարարեց «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը։ Նա անընդհատ կրկնում էր, թե «ոնց կարող է 19 մարդ պայքարել 19,000 քվե ստացած մարդու դեմ»։
«Նոր Երեւան» շարժման անդամները շուկայի ձախ կողմում հավաքված՝ «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության մասնակիցներին հրավիրում էին բանավեճի։ Բանավեճը չստացվեց։ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները գոռում էին՝ «հեռացեք, հեռացեք», հայհոյում էին հուշարձանի ոչնչացման դեմ պայքարող ակտիվիստներին եւ սադրում՝ օդային համբույրներ ուղարկելով։
Ակտիվիստները պատասխանում էին հայրենասիրական երգերով ու «Միացեք, միացեք» կոչերով։
Ոստիկանները շուկայի դիմաց պատ են կազմել՝ կանգնելով Ալեքսանյանի պաշտպանների ու ակտիվիստների միջեւ՝ թույլ չտալով, որ թեժացած կրքերը բախումների վերածվեն։ Մոտ կես ժամ շուկայի առջեւ կանգնելուց հետո ակտիվիստները հեռացել են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ակտիվիստները, ովքեր հայտարարել են ամենօրյա բողոքի ակցիաներ սկսելու մասին, այսօր փոփոխություն են մտցրել իրենց մշտական երթուղում, մինչեւ «Փակ շուկա» հասնելը, գնացել են Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետ ու այնտեղ քաղաքացիներին կոչ են արել բոյկոտել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետների ցանցը եւ առեւտուր անել փոքր խանութներում, որպեսզի պատգամավորն իրենց գումարներով հուշարձաններ չոչնչացնի։











