Սյունիքում անգամ փակված պոչամբարները շարունակում են վնաս հասցնել բնությանն ու մարդկանց, քանի որ հողի բարակ շերտով ծածկված պոչամբարների վրա շարունակում է աճել բուսականությունն ու անասունների համար սնունդ ծառայել։ Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող անդամներն Հայաստանի ընդերքի շահագործման հետեւանքերի հետ կապված իրենց մտահոգությունները ներկայացրել են «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական-փաստագրական ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվայի տանը»։
Ֆիլմը պատմում է հանքարդյունաբերության հետևանքով երկրում ստեղծված բնապահպանական, առողջապահական և սոցիալական խնդիրների մասին:
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում ներկայում հաշվառված է օգտակար հանածոների մոտ 670 հանքավայր: 29 հազար ք/կմ տարածքում արդեն շահագործվում է շուրջ 400-ը, որոնցից 22-ը մետաղական են, որոնց մեծ բաժին է հասնում Սյունիքին։ Մետաղական հանքերը առավել մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության համար, քանի որ դրանց շահագործման արդյունքում առաջանում են պոչամբարներ և ծանր մետաղական թափոնները լցվում են ձորերն ու գետերը:
Բնապահպանները հիշեցնում են, որ կառավարությունը հանքարդյունաբերությունը հռչակել է տնտեսության զարգացման գերակա ճյուղ։ ՀՀ անկախության հռչակագրով ամրագրված է, որ հողը, ընդերքը, ջրային և այլ բնական պաշարները հայ ժողովրդի սեփականությունն են: Բայց այսօր քանիսն է պատկանում օտարներին, հայտնի չէ:
Միայն Սյունիքում այսօր գործում է 11 մետաղական հանքավայր: Մինչև 2016թ. շահագործման է սպասում ևս 28 մետաղական հանքավայր։ Այսինքն՝ 39 մետաղական հանքավայր՝ միայն մեկ մարզում՝ 4546 ք/կմ վրա: Գործող հանքավայրերի շահագործման արդյունքում Սյունիքում արդեն կան 12 մեծ ու փոքր պոչամբարներ:
«Հարց է առաջանում, որտեղ պետք է ապրի մարդը, բույսը, կենդանին, գետը»,- ասվում է ֆիլմում։
Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող անդամները ֆիլմը կներկայացնեն նաև ամերիկահայ համայնքին:











