ԵԱՀԿ-ն կարող է հակամարտությունների լուծումներ առաջարկել, բայց վերջիվերջո կազմակերպության դերը միջնորդությունն է, եւ կողմերն ազատ են ԵԱՀԿ առաջարկներն  ընդունելու  կամ չընդունելու հարցում: Այս մասին ԵԽ հեռուստատեսային ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:

ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման մասին խոսելով՝ Զանյերը նշել է, որ   կազմակերպությունը մեխանիզմներ է ստեղծել.  «Մենք ունենք լուծումներ, բայց կողմերը պետք է որոշեն՝ ընդունե՞լ դրանք, թե՞ ոչ»,- հայտարարել է նա:

Զանյերի խոսքով՝ որոշ դեպքերում կազմակերպությունը քաղաքական անհրաժեշտ դինամիկա չի տեսնում, որն էլ կհանգեցներ հակամարտության լուծման: Որպես հետընթացի օրինակ նա նշել է Վրաստանում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակումը:

Հարցին, թե արդյոք Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտության կարգավորման հույս կա, Զանյերն ընդգծել է, որ միասնական որոշում չկա: «Ամեն ինչ կախված է երկրների միջեւ հարաբերությունների զարգացումից, եւ մենք կփորձենք առաջընթացի հասնելու ճիշտ ռակուրս գտնել»,- ամփոփել է նա: