ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր` հոկտեմբերի 11-ին, տեղի ունեցավ ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարության հերթական նիստը, որի ժամանակ պաշտպանական եւ մեղադրող կողմերը հանդես եկան ճառերով:

Մեղադրյալները` Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը և Տիգրան Առաքելյանը հանդես եկան ճառերով, որում պահանջում էին արդարացնել իրենց։ Այնուհետև ճառերով հանդես եկան փաստաբան Ստեփան Ոսկանյանը և դատախազը: Կողմերին լսելուց հետո դատարանը  մեղադրյալներին տվեց վերջին խոսքի հնարավորություն և գնաց  վճիռ կայացնելու, որը կհրապարակվի հոկտեմբերի 14-ին:

Սարգիս Գևորգյանն իր ճառում ասաց, որ դատարանը արդարացման որոշում կայացնելու համար պետք է դրսևորի «առանձնահատուկ համարձակություն և կամք՝ հակառակվելու իրենց վերահսկողության տակ առած ռեժիմին»:

Մոտ երկու տարի ազատազրկման մեջ գտնվող Տիգրան Առաքելյանն էլ ասաց, որ ինքն արդարություն է ուզում, իսկ իր ազատությունը միայն արդարության մեջ է տեսնում:

Բոլոր մեղադրյալների ճառերին դահլիճն արձագանքում էր ծափահարություններով ու բացականչություններով։ Դատավոր Եվա Դարբինյանը մի քանի անգամ նկատողություն արեց դահլիճում գտնվածներին:

«Ծափ եք տալիս, որ ի՞նչ», - զարմանում էր դատավորը՝ սպառնալով դատարկել դահլիճը։

Ընդհանուր առմամբ, այսօրվա նիստն անցավ համեմատաբար թեթեւ մթնոլորտում։ Տիգրանն Առաքելյանը անկախության 22-րդ տարեդարձի առիթով դատարանին նվիրեց իր մակագրությամբ Քրեական դատավարության օրենսգիրքը:

ԱԺ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ Տիգրան Առաքելյանը ճիշտ է անում՝ հրաժարվելով համաներումից, քանի որ նրան ներելու իրավունք ոչ ոք չունի, և ինքը պիտի որոշի՝ ներել բոլոր իշխանավորներին, թե ոչ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, որ իր խնդիրը ոչ թե Տիգրանի ազատվելն է, այլ «համակարգի այլանդակությունը»։ 

 «Խղճում եմ դատավորին ու դատախազին, որովհետև տեսնում ես մի մարմին, որի մեջ ոչինչ չկա. ոգի չկա, իրավաբանություն չկա: Աթոռն է որոշում կայացնում, ոչ թե աթոռին նստած մարդը»,- ասաց Արամ Մանուկյանը:

Պատգամավորը չի կարծում, որ արդարացման դատավճիռ կլինի, քանի որ դա կնշանակեր «լիզել իրենց թքածը», ինչը, նրա կարծիքով, երբեք չի լինի:

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում:

Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am