«Հայրենիք» կինոթատրոնի հետնամասում գտնվող Երեւանի զբոսաշրջության պասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տարածքում, այսօր՝ հոկտեմբերի 11-ի, ժամը 09:20-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունից տուժել է երեք մարդ, որոնցից 2-ն անչափահասներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունիցն հայտնում են, որ Հոկտեմբերի 11-ին, ժամը 10.00-ին, «Երեւան» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «դեմքի վերին ծնոտի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 63-ամյա Կնյազ Հ.-ն, ժամը 10.15-ին՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, «ձախ ականջի վնասվածք» ախտորոշմամբ՝ 16-ամյա Մանուկ Մ.-ն, իսկ ժամը 10.55-ին՝ «աջ ազդրի միջին 3-ականի ծակված վերք» ախտորոշմամբ՝ նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել 15-ամյա Արամ Մ.-ն: Նրանք հայտարարել են, որ վնասվածքներն ստացել են Արշակունյաց պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող քոլեջի բակում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պայթյունն առաջացել է քոլեջի բակում՝ Կնյազ Հ.-ի կողմից շինարարական աղբը այրելու հետեւանքով:
Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայ-հունական պետական» քոլեջի բակում, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 9.20-ի սահմաններում, ուժեղ պայթյուն է որոտացել աղբը այրելու հետեւանքով։ Տնօրենի փոխանցմամբ՝ տարածքում շինարարություն են անում, հնարավոր է՝ աղբի մեջ եղել է քիմիական լուծիչ, ինչն էլ պայթյունի պատճառ կարող էր դառնալ:
Տուժած Կնյազ Հ.-ի վիճակը լավ է: NEWS.am-ի թղթակցին «Երեւան» բ/կ-ից հայտնեցին, որ նա մանր վերքեր ունի դեմքի, ձեռքերի, ոտքերի հատվածում եւ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս կգրվի հիվանդանոցից:











