Հոկտեմբերի 11-ի երեկոյան քաղաքապետարանում հավաքվել են ավագանու անդամները։ Քաղաքապետարան է եկել նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց արդեն երկու ամիս քաղաքապետարանի առջեւ երկու տրանսպորտի թանկացման սկանդալի հետ կապված երկու պաշտոնյաների հրաժարականը պահանջող ակտիվիստներից Արթուր Տեր-Գրիգորյանը։
«Եկել են կագնել այն մասում, որտեղ թույլատրվում է միայն ծառայողական մեքենաների կայանումը։ Ոստիկանները կանգնած էին ու ոչինչ չարեցին։ Մենք սկսեցինք նկարել, ոստիկաններն էլ ստիպված հեռացրին մեքենաները»,- ասաց Արթուրը՝ հիշեցնելով, որ իրենց մեքենաները նույն ոստիկանները տարհանել էին՝ պատճառաբանելով, որ այդ հատվածում կայանում են միայն ծառայողական համարանիշներով մեքենաները։
«Այս պահին դեռ ոչ բոլոր մեքենաներն են հեռացրել։ Արգելված հատվածում դեռ կանգնած է վրացական «ZXS555» համարանիշով մեքենան»,- ասաց Արթուրը։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետարանի առջեւ նստացույցի մասնակից Կարեն Հարությունյանը պատմեց, որ իր մոտոցիկլետը նույնպես ոստիկանները փորձել են հեռացնել քաղաքապետարանի դիմացի ավտոկայանատեղիից, բայց ինքը չի հեռացրել։


Լուսանկարները տրամադրել են ակտիվիստները։











