Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց սահմանելու առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բողոքարկող հայցը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 17։00-ին, կրկին լսվելու է դռնփակ նիստում (ֆոտոռեպորտաժ)։
Վոլոդյա Ավետիսյանին աջակցելու համար դատարանի մոտ ազատամարտիկները հավաքվել են դեռ 13։00-ից։ Պատճառն այն է, որ ազատամարտիկները կարծում էին, թե նիստը տեղի է ունենալու 14։00-ին, սակայն Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ դատը չի հետաձգվել, եւ ի սկզբանե հայտարարված էր 17։00-ն։
Ազատամարտիկները, սակայն, չեն հեռանում տարածքից։ Նրանք իրենց հետ բերած պաստառներն են տեղադրել դատարանի բակում։ Ոստիկանությունը նրանց հրահանգել է պաստառները տեղադրել շենքից մի քանի մետր հեռավորությամբ դրված երկաթյա ձողերից այն կողմ, ինչը վրդովեցրել է հավաքվածներին։
«Թե պիտի գաք ազատամարտիկների դեմ, եկեք»,- ասել են ազատամարտիկները ու ոստիկաների հետ վիճաբանությունից հետո մեկ ցուցապաստառ եւ մեկ դրոշ տեղադրել դատարանի առջեւ։ «Մենք բոլորս Վոլոդյա Ավետիսյան ենք»,- գրված է պաստառներից մեկին։
Ազատամարտիկները որոշել են նիստին սպասել՝ դատարանի աստիճաններին նստած, սակայն ոստիկանները նրանց հեռացրել են աստիճաններից ու ստիպել կանգնել երկաթյա ձողերից այն կողմ, ինչը նույնպես վրդովմունք է առաջացրել։
Այս պահին ազատամարտիկների թիվը դատարանի առջեւ գնալով ավելանում է։ Տարածքում հավաքվել են նաեւ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստն Տիգրան Առաքելյանին սատարողները։ Հիշեցնենք, որ այսօր ժամը 16։00-ին դատավոր Եվա Դարբինյանը պետք է հրապարակի ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը։ Հնարավոր է, որ Տիգրան Առաքելյանին ազատեն հենց դատարանի դահլիճից։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











