Հոկտեմբերի 14-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից համաներումով ազատվելուց հետո իրեն սատարելու եւ ազատությունը շնորհավորելու եկած հարազատներին, համակիրներին ու լրագրողներին ՀԱԿ ակտիվիստն Տիգրան Առաքելյանն ասաց, որ ինքը երբեք էլ իրեն անազատ չի համարել։
«Բոլորին տեսա, ուրախացա, բայց մեծ հաշվով ոչինչ չի փոխվել։ Կա խնդիր երկրում, կա անելիք, որի համար ամենօրյա ռեժիմով մենք որտեղ էլ լինենք, պայքարում ենք եւ պայքարելու ենք մինչեւ վերջ»,- դատարանի բակում ասաց Տիգրան Առաքելյանը։
«Երբեք անազատության մեջ չեմ եղել, թեկուզ եղել եմ քրեակատարողական հիմնարկում։ Ընդամենը փոխվել է կարգավիճակը։ Ինչպես ապօրինի բռնել էին, այդպես էլ ապօրինի բաց թողեցին։ Ընդամենը այս անգամ մի փոքր օգտվեցին Քրեական դատավարության օրենսգրքից»,- ասաց Տիգրան Առաքելյանը իրեն համաներումով ազատելու դատարանի որոշման մասին։
Լրագրողների հարցին, թե ըստ իրեն, ինչը ազդեց դատական մարմինների որոշման վրա, Տիգրան Առաքելյանը պատասխանեց՝ հասարակական հնչեղությունը եւ ճնշումը հատկապես վերջին նիստերին։
Հարցին, արդյոք նա փոխելու է իր գործելաոճը, ՀԱԿ ակտիվիստը պատասխանեց. «Այո, փոխելու եմ, ավելի ակտիվ եմ լինելու»։
«Սա թերի դատավճիռ էր։ Գալու է ժամանակ, եւ լինելու է բոլորովին նոր դատավճիռ այս քրեական գործով եւ բոլորովին նոր մեղադրյալներ», - որպես եզրափակիչ խոսք՝ հավաքվածներին ասաց Տիգրան Առաքելյանը՝ նշելով որ «այդ քրեական գործով ապացուցվելու է, որ իշխանությունների կողմից կատարվել է կազմակերպված կեղծիք, որը վերացնելու են այլ դատարանի կազմով»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











