ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 14-ին կրկին հետաձգել է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը։
«Դատարանը լսեց մեղադրողին, հետո որոշեց փոխել կարգը, որպեսզի վաղը բացատրություններ տալու համար ներկա գտնվի նաեւ քննիչը»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը՝ նշելով, որ դատարանի այդ որոշումը ինքը համարում է կամայական եւ օրենքին հակասող. «Դեռեւս առաջին ատյանի դատարանը որոշեց, որ քննիչի բացակայությամբ կարող է գործը շարունակվել, իսկ այսօր այդ որոշումը վերանայվեց։ Կարծում եմ՝ իրական պատճառը գործի ավելորդ ձգձգումն է»։
Դատավորը պատճառաբանել է, որ տուժողն աշխատում է, եւ քանի որ Երեւանում չէ, որոշակի խնդիրներ կան նրա աշխատանքից հետո քննչական գործողություններ կատարելու հետ կապված։ «Եթե նախաքննական մարմինն իրականում ցանկություն ունենար առերեսում կատարելու, վաղուց դա արած կլիներ»,- ասաց փաստաբանը։
Բացի դրանից, ըստ փաստաբանի, Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որը քննելու իրավունք պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը չունի, եւ վաղուց պետք է գործից մաս անջատեր եւ ուղարկեր համապատասխան մարմին, որը եւս չի արվել։
Կալանավորվելու օրվանից Վոլոդյա Ավետիսյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել, ոչ մի փաստաթղթի չեն ծանոթացրել, եւ անհասկանալի է, թե ինչու են նրան զրկել ազատությունից, եթե նրա հետ կապված անելիքներ չունեն։
Դատարանի բակում հավաքվածները դատարանի որոշմանն արձագանքել են՝ վանկարկելով «ամոթ, ամոթ», «ազատություն»։
«Ինքը իրա պարտականությունները հայրենիքի առջեւ կատարել ա դասկանալնի։ Չի կարելի տենց սուտ ու սխալ կապիկություններ անել։ Տուլիտ եք անում, գետինը չեք մտնում»,- դատարանի բակում ասաց ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանը՝ դատարանին կոչ անելով «դանակը չհասցնել ոսկորին»։
Վաղը նույնպես նրանք հավաքվելու են դատարանի բակում եւ պահանջելու են ազատել ազատամարտիկին։
Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 15-ին, ժամը 17։00-ին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











