«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները իրենց ամենօրյա երթը Մաշտոցի պուրակից դեպի Փակ շուկա հոկտեմբերի 14-ին սկսեցին քաղաքացիներին  «Բոյկոտենք «Երեւան Սիթի» խանութների ցանկը», «Ոչ մի լումա Երեւան Սիթիին» գրառումներով թռուցիկներ բաժանելով։

Քաղաքացիական ակտիվիստների այսօրվա երթուղին ավանդական էր։ «Փակ շուկայի» մոտ նրանց ավանդաբար դիմավորեցին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները՝ «ամոթ, ամոթ», «հեռացեք» վանկարկումներով:

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները պարբերաբար փորձում էին անցնել քաղաքացիական ակտիվիստների շարքերը եւ բախումներ հրահրել, բայց ոստիկանները թույլ չէին տալիս եւ արագ հեռացնում էին նրանց՝ վերադարձնելով իրենց տարածք:

Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թռուցիկներ են բաժանում, որպեսզի իրազեկեն հասարակությանը, որ միայն այդ խանութներից չօգտվելով կարող են ազդեցություն ունենալ «ապօրինի գործընթացը» կանգնեցնելու վրա: «Կարող են ուղղակի չօգտվել էդ խանութներից, չնպաստել բարբարոսության տարածմանը մեր երկրում: «Երեւան Սիթիից» գնումներով կատարելով՝ միայն ամրապնդում են Հայաստանում հաստատված օլիգարխների կեղեքող ռեժիմը, դա պղծում է պատմական հուշարձանը»,-նշեց Գարեգին Չուգասզյանը:

Ակտիվիստների թիվն այսօր նկատելիորեն նվազել էր։  Պարոն Չուգասզյանը նկատեց, որ կարեւորը մարդկանց թիվը չէ, այլ արդյունքը. «Էստեղ մեր խնդիրն այն է, որ միշտ հարցը վառ մնա, եւ այս ապօրինությանը վերջ դրվի»:

Ինչ վերաբերում է Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների ստեղծած «Նոր Երեւան» շարժման բանավեճի առաջարկին, Գարեգին Չուքասզյանն ասաց, որ իրենք կբանավիճեն միայն կառուցապատողի եւ օգտագործողի ներկայացուցիչների հետ եւ հրապարակային՝ պատկան մարմինների ներկայությամբ: