Հոկտեմբերի 15-ին 2 տարի վեց ամիս ազատազրկման դատապարտված եւ դատարանի դահլիճից համաներումով ազատ արձակված, Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը, ամենայն հավանականությամբ, կբողոքարկի դատարանի որոշումը արդարացման դատավճռի հասնելու համար: Դատական գործը նա բնորոշեց որպես «սարքած և աբսուրդ»։
«Ոնց որ անմեղ մարդուն բռնեն, բերեն, պահեն կես տարի, ասեն՝ համաներում կա, մի բան էլ շնորհակալ եղիր, որ քեզ շուտ ենք թողնում»,- նիստից հետո լրագրողներին ասաց Արամ Մուղալյանը։
Վեց ամսվա ազատազրկումից և բանտի կյանքից Արամը, իր ասելով, սովորելու քիչ բան չի ունեցել: «Քեմբրիջից Նուբարաշեն լրիվ հակառակ աշխարհներ են: Ամեն վատ վիճակից փորձել եմ լավը քաղել, որը կարողացել եմ»,- ասաց Արամը՝ նշելով, որ ինքը հաղթած է դուրս եկել բանտից, որովհետեւ չարացած չէ։
«Եթե չորս հոգու արդարացնեին, պատկերացրեք` քանի հոգու վրա էդ չեպե կլիներ, քանի հոգի պիտի գործից դուրս գար, նկատողություն ստանար: Շատ մեծ հարված կլիներ համակարգին։ Համակարգը, պարզ է, ինքն իր դեմ չէր գնա»,- ասաց Քեմբրիջի շրջանավարտը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Խոտի դեզի» գործով մեղադրվող Արամ Մուղալյանին , Ռոբերտ Փիլոյանին , Գագիկ Առաքելյանին և Արթուր Քլյանին հոկտեմբերի 15-ին Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Խալաթյանը մեղավոր ճանաչեց և դատավճիռը կադալուց հետո բոլորին համաներմամբ դատարանի դահլիճից ազատ արձակեց։











