«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները այսօր՝ հոկտեմբերի 15-ին, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը բոյկոտող բողոքի ակցիան սկսեցին Կոմիտասի «Երեւան սիթի» սուպերմարկետի մոտ։ Այստեղ նրանց արդեն սպասում էին Սամվել Ալեքսանյանին սատարող մի քանի տասնյակ «մշտական դեմքերը»։
Ակցիան դեռ նոր էր սկսվել, երբ ընդհարում եղավ: Ալեքսանյանին աջակցող բազմությունը կարծես թե չէր սպասում ակտիվիստների ժամանմանը, եւ տեխնիկապես չէր հասցրել զինվել։ Ուժերը հավասարեցնելու համար նրանցից մեկը, հագնելով քաղաքացիական ակտիվիստների խորհրդանշական դեղին գլխարկը և մտնելով ակտիվիստների շարքերը, մոտեցավ նրանց բարձրախոսին և կտրեց լարը: Ակտիվիստներից Գևորգ Սաֆարյանն ու Վարդան Հակոբյանն սկսեցին վիճել ոստիկանների հետ՝ մեղադրելով նրանց խուլիգանության մասին իրենց հաղորդումն անտեսելու մեջ։ Գևորգի պնդմամբ՝ ինքը ոստիկաններից մեկին հայտնել էր այդ միջադեպի մասին, սակայն վերջինը չէր արձագանքել: Ոստիկաններն ասում էին՝ «դեղին գլխարկովա եղել, մտածեցինք՝ ձեզնից ա»:
Ալեքսանյանին սատարողները ջանասիրաբար գոռում էին «բոմժեր, հեռացեք»: Նրանց միացել էին Կոմիտասի «Երեւան սիթիի» աշխատակիցները։
Ակտիվիստները պահանջում էին ոստիկաններից հետևողական լինել և թույլ չտալ այդ մարդկանց իրենց վիրավորել, այսինքն՝ բոմժ չասել։ Ոստիկաններից մեկն էլ բացատրել՝ բոմժ վիրավորական բառ չէ:
Ակտիվիստները հայտարարեցին, որ երթով շարժվում են դեպի Փակ շուկա, սակայն շուկայի մոտ հավաքված՝ Սամվել Ալեքսանյանին սատարողներն այսօր այդպես էլ հնարավորություն չունեցան «բոմժ» գոռալու։ Ակտիվիստները կրկին փոխեցին նախապես հայտարարած երթուղին, եւ չհասան «Փակ շուկա»։











