Հոկտեմբերի 15-ին ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը հրապարակեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու հայցով վճիռը, որով անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը։ (ֆոտոռեպորտաժ)
Քանի որ Վոլոդյա Ավետիսյանի գործով դեռ վճիռ չկա, համաներում նրա նկատմամբ չի կարող կիրառվել, ինչը նշանակում է, որ ազատամարտիկը դեռ երկու ամիս կմնա կալանքի տակ։ Փաստաբան Արա Զաքարյանի խոսքով՝ հաշվի առնելով փաստը, որ Վոլոդյայի դեմ առաջադրված հոդվածը ենթակա է համաներման, դատարանը այսօր պետք է բավարարեր խափանման միջոցը փոխելու հայցը եւ ազատեր ազատամարտիկին։
Արա Զաքարյանն լրագրողներին ասաց, որ իրենք դիմելու են Վճռաբեկ դատարան, եւ եթե դա էլ ապարդյուն լինի, դիմելու են ՄԻԵԴ։
Վերաքննիչի առջեւ հավաքված մի քանի տասնյակ ազատամարտիկները բուռն արձագանքեցին դատարանի որոշմանը՝ «յուբկա հագած դատավոր», «կաշառվածներ», «ամոթ», «խայտառակություն» վանկարկումներով։
«Թուրքը ատամներս ա քաշել, սրանք էլ թող ձեռներս կապեն», «իրանց էշ հալով մեզ էշի տեղ են դրել»,- ասում էին ազատամարտիկները։ Կանանց նյարդերը տեղի տվեցին, ու նրանք սկսեցին հայհոյել դատական համակարգի պատասխանատուներին։
«Բոլորս Վոլոդյա Ավետիսյան ենք», «մեզ ձերբակալեք» բղավում էին ազատամարտիկները։ Նրանցից մեկը նույնիսկ փորձեց մտնել դատարան, սակայն ընկերներից մեկը կանխեց՝ համոզելով, որ դա անելով՝ իրենք խնդիրներ կունենան։











