Մոսկվայի ոստիկանությունը մետրոյի «Պրաժսկայա» կայարանի մոտ ձերբակալել է մոտ 50 ազգայնականների՝ չարտոնված հավաքի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար:
Ոստիկանությունում նշել են, որ ձերբակալվածների մեջ տեղացիներ չկան եւ որ ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մոսկովսկիե նովոստի» պարբերականի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ ագրեսիվ տրամադրված դեռահասները շարժում են Բիրյուեւոյի ուղղությամբ եւ փայտերով հարվածում կայանված մեքենաների ապակիներին: Ձերբակալություններից հետո ազգայնականների մի մասը թաքնվել է հարակից բակերում:
Հիշեցնենք, որ ազգայնականների այսօրվա հավաքը նախատեսված էր ժամը 19:00-ին, որի մասին հայտարարվել է սոցցանցերի միջոցով: Հավաքից հետո ակցիայի մասնակիցները նախատեսում էին երթ անցկացնել դեպի Բիրյուլովոյի շրջան: Ակցիայի նախաշեմին փակվել են «Պրաժսկի գրադ» եւ «Պրաժսկի պասաժ» առեւտրի կենտրոնները, որոնք գտնվում են մետրոյի կայարանի մոտ:
Բողոքի ակցիան կազմակերպվել է հոկտեմբերի 10-ի գիշերը Բիրյուլովոյում Եգոր Շչերբակովի սպանությունից հետո, որում կասկածում են ադրբեջանցի Օրհան Զեյնալովին: Ակցիան նվիրված է մահմեդականների Քուրբան Բայրամ տոնին:
Հավաքին մասնակցելու կոչը հրապարակվել է համացանցում այսպես կոչված «Ռուսական ցասումի օրվա» կազմակերպիչների անունից, որը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին ՌԴ մի քանի քաղաքներում:
Բիրյուլովոյում տեղի ունեցած սպանությունը առիթ է դարձել, որ Մոսկվայում ջարդեր սկսվեն: Ոստիկանության հետ բախումների հետեւանքով 23 մարդ է տուժել: Կատաղած ամբողջը հարձակվել էր կովկասցիներին պատկանող կրպակների ու խանութների վրա, ծեծի ենթարկել նրանց:











