Հայաստանում 3200-3600 քաղաքացի կա, որ տառապում է ցավային սինդրոմով եւ պալիատիվ բուժման կարիք ունի։ «Վանատուն» հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք՝ Հայաստանում պալիատիվ օգնության առաջին կենտրոնի կառուցման համար:
Պալիատիվ բժշկության մեջ մտնում է երեք բնագավառ` հակացավային թերապիան, այսինքն` ցավի բուժումը, սիմպտոմատիկ թերապիան` ֆիզիկական սիմպտոմների դեմ պայքարը, եւ հոգեսոցիալական օգնությունը հիվանդին ու նրա ընտանիքին։
Հոկտեմբերի 15-ին հասարակական մի շարք կազմակերպություններ Երեւանի կենտրոնում կազմակերպված ակցիայի միջոցով քաղաքացիներին իրազեկում էին կյանքի վերջին փուլում գտնվող ծանր հիվանդների ցավազրկման խնդիրների մասին։ Տեղեկատվական գրքույկներ բաժանելուց ու քաղաքացիներին բանավոր իրազեկելուց բացի, հասարակական կազմակերպությունների անդամները պալիատիվ օգնության անհրաժեշտության կարևորությունն ընդգծելու համար Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղադրել էին այսպես կոչված «խոշտանգումների աթոռ»։ Ամբողջովին մեխերով պատված աթոռին նստելով՝ մարդ կզգա այն ցավը, ինչ զգում են մահացու հիվանդության վերջին փուլում գտնվող հիվանդները, երբ նրանք չեն ցավազրկվում։
Քաղաքացիները ոչ ոք չհամարձակվեց նույնիսկ փորձել նստել աթոռին: Իրենց աջակցությունը պալիատիվ բուժօգնության համակարգը Հայաստանում ներդնելու նախաձեռնությանը քաղաքացիներն արտահայտում էին ստորագրահավաքին միանալով։
«Մտավախություն կա խորհրդային ժամանակներից եկած, որ ափիոնից կօգտվեն նաեւ թմրամոլները: Այդ մտավախություններն են, որ թույլ չեն տալիս, որ հիվանդների համար այդ դեղորայքը հասանելի լինի»,- NEWS.am-ին ասաց «Հակացավային եւ պալիատիվ օգնության ասոցիացիա» հ/կ նախագահ Հրանտ Կարապետյանը:
Ասոցիացիայի ջանքերով ուռուցքաբանության կենտրոնում բացվել է պալիատիվ օգնության առաջին բաժանմունքը:
«Մարդիկ շատ մեծ դժվարությամբ են ձեռք բերում մորֆին, քանի որ պոլիկլինիկաներում կան հանձնաժողովներ, որոնք խոչընդոտում են, որ բժիշկները դուրս գրեն մորֆին: Չկա լիարժեք օրենսդրական դաշտ, որը պաշտպանում է դրա կարիքն ունեցող հիվանդների իրավունքները: Կարծիք կա, որ մորֆին օգտագործելով՝ մարդիկ կախվածություն ձեռք կբերեն, բայց ծանր հիվանդների դեպքում դա միֆ է։ Եթե մարդու ցավազրկումը չի ապահովվում, դա մարդու դեմ խոշտանգում է»,- ասաց «Բաց հասարակության հիմնադրամի» Հանրային առողջապահության ծրագրի համակարգող Անահիտ Պապկիյանը՝ ընդգծելով, որ իրենց նպատակն է դեղորայքը դարձնել հասանելի և անվճար:











