Ճապոնիայի Իձու Օսիմա կղզում մոլեգնում է «Վիպա» թայֆունը. զոհվել է 13 մարդ: Թայֆունը եւ դրան ուղեկցող անձրեւները սողանքներ են առաջացրել, որոնց հետեւանքով կղզում տասնյակ տներ ավերվել են: Փրկարարները չեն կարողացել կապ հաստատել շուրջ 50 մարդու հետ, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը:
Ճապոնիայի իշխանություններն արդեն սկսել են Տիբա, Սայտամա, Տոկիո եւ Նագանո նահանգներից 63 հազար մարդու տարհանումը: Երկրում հետաձգվել են չվերթները, դադարեցվել է գնացքների երթեւեկությունը, փակվել են դպրոցներ եւ տարբեր հաստատություններ, հայտնում է BFM.RU-ն:
«Վիպա» թայֆունը շարժվում է հյուսիս-արեւելք` Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափի ուղղությամբ: Փոթորիկի կենտրոնում ճնշումը 960 հեկտոպասկալ է, քամու արագությունը` 35 մ/վրկ., պոռթկումների դեպքում` մինչեւ 50մ/վրկ.: Շուտով այն կարող է հասնել երկրի հյուսիսարեւելյան եւ հյուսիսային շրջաններ, զգուշացնում են օդերեւութաբանները:











