Ֆիլիպիններում հզոր երկրաշարժի զոհերի թիվը, այսօր՝ հոկտեմբերի 16-ի առավոտվա թրությամբ հասել է 107-ի եւ այդ թիվը կավելանա, հաղորդում են տեղի լրատվամիջոցները՝ վկայակոչելով իշխանություններին: 

Ավելի վաղ քաղաքացիական պաշտպանության ազգային վարչության վերջին հաղորդագրության մեջ նշվել էր, որ տարերային աղետը խլել է 99 մարդու կյանք, 276 մարդ վիրավորվել է, անտուն է մնացել 12,5 հազար մարդ, որոնց տեղափոխել են տարհանման կենտրոններ:

«Մենք սպասում ենք, որ զոհերի թիվը կաճի, քանի որ որոշ շրջաններում դեռեւս որոնողական փրկարարական գործողություններ չեն անցկացվել»,- հայտարարել է Ֆիլիպինների կենտրոնական հատված քաղաքացիական պաշտպանության ղեկավար Մինդա Մորանտեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Ֆիլիպինների կենտրոնական հատվածում 7,2 մագնիտուգով երկրաշարժ է տեղի ունեցել, որը ամենահզորն է վերջին 23 տարվա ընթացքում: Ֆիլիպինների հրաբխաբանության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռենատո Սոլիդումի խոսքով՝ «երկրաշարժի մագնիտուդը համարժեք է 32 ատոմային ռումբի պայթյունի, որը պայթել էր Հիրոսիմայում»:
Նշենք, որ այսօր առավոտյան աղետի գոտում եւս երկու ստորերկրյա ցնցումներ են արձանագրվել՝ 5,1 մագնիտուդով: