Ամբողջ աշխարհում դրված է խնդիր՝ մարդկությանը համարակալել, դարձնել կենդանի, դեմ դուրս գալ աստվածային բոլոր օրենքներին եւ հասարակությունը դարձնել կառավարելի գլոբալ մի սիստեմ։ Այս մասին լրագրողներին ասաց «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման միության» նախագահ Խաչիկ Ստամբուլցյանը հոկտեմբերի 16-ին «Ոչ գենդերային այլասերման» նախաձեռնության կազմակերպած բողոքի երթի ժամանակ։
Նրա խոսքով՝ այս գործին լծվել են բոլոր միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը «եւ մնացած մասոնական ակումբները»։
«Խնդիր են դրել մարդկությանը ոչնչացնել, դարձնել մեկ միլիարդ եւ կառավարելի։ Հենց էդպես էլ անվանում են՝ ոսկե միլիարդ»,- ասաց Ստամբոլցյանը՝ նշելով, որ դրա համար օգտագործում են ամեն միջոց՝ արաբական գարուն, գունավոր հեղափոխություններ, այլասերում, այլանդակություն, նույնականացման քարտեր, կենսաչափական անձնագրեր։
Գենդերային հավասարության մասին օրենքը, նրա խոսքով, առաջին քայլն է. «Հաջորդ քայլով թույլատրելու են, որ ընդունված միասեռականներն ամուսնանան, հետո գալու է յուվինալ օրենքը, որն արդեն դրված է կառավարության կայքէջում, որտեղ դու քո երեխային դաստիարակելու իրավունք չունես։ Վրան խոսեցիր՝ զանգելու է ոստիկանություն, գան տուգանեն, երեխային օտարեն, տանեն միասեռականներին որդեգրության հանձնեն»,- ասաց Ստամբոլցյանը՝ ընդգծելով որ բոլոր այս քայլերն ուղղված են աշխարհն ավելի հսկելի դարձնելուն։
Ստամբոլցյանի տեղեկություններով՝ եվրոպական երկրներում հիմա փորձում են օրինականացնել ինցեստը, ամուսնությունը մոր եւ որդու, հոր եւ դստեր, քրոջ եւ եղբոր միջեւ։
«Սա անվանում ունի՝ ընտանեկան ինտիմ։ Երկու տարի առաջ Օբաման օրենք ստորագրեց, որով զինվորներին իրավունք են տալիս սեռական կապ ունենալ անասունների հետ, եւ մի անասնասիրական հոդված են դրել, եթե կենդանին 750 գրամից փոքր է, չի կարելի»,- պատմեց Ստամբոլցյանը։ Նրա խոսքով՝ մարդկությունն այսօր քնած է ու չի հասկանում, որ այս խնդիրները, որոնք իրենցից հեռու են թվում, մի օր չոքելու են բոլորի դռները։
Ստամբոլցյանի կարծիքով՝ Եվրոպան այսօր կործանման է գնում, եւ մենք որպես քրիստոնեությունը առաջինը պետական կրոն հռչակած ազգ պետք է հաղթենք այդ չարիքները եւ օրինակ ծառայենք «մեռնող Եվրոպային»։











