«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության մարտավարությունը՝ ամեն օր փոխել Սամվել Ալեքսանյանի «Երեւան սիթի» սուպերմարկետները բոյկոտող ակցիաների երթուղին, հոկտեմբերի 16-ին Մաշտոցի պուրակ էր բերել պատգամավորին պաշտպանող կանանց, ովքեր հոգնել էին «Փակ շուկայի» մոտ ակտիվիստներին ապարդյուն սպասելուց։
Նրանք պուրակի նստարաններին եւ սրճարանում նստած՝ հետեւում էին ակցիայի ընթացքին։ Որոշ ժամանակ անց նրանցից մեկը մոտեցավ ակտիվիստներին ու սկսեց վիճել՝ նրանց անվանելով «ժամավճարով աշխատողներ» եւ «գրանտակերներ»։
«Ձեր էդ դեղին գլխարկներով ոնց որ արհեստական ինկուբատորի նոր դուրս եկած ճտերից լինեք: Դուք էդքան չկաք, որ պայքարեք Սամվել Ալեքսանյանի դեմ»,- ասաց տիկինը, որը ներկայացավ որպես Նարինե Ղազարյան:
Իր խոսքում տիկինը երկու անգամ սայթաքեց։ Նախ հայտարարեց, որ ինքը բնակվում է Փակ շուկայի կողքը, իսկ հետո լսելով լրագրողի ճշտող հարցը, թե կոնկրետ որ հասցեում, նախ շփոթվեց, ապա պատասխանեց՝ «մեկ կանգառ վերեւ», բայց այդպես էլ չնշեց իր հասցեն։
Տիկին Նարինեն վստահեցնում էր, որ պատահաբար անցնելիս տեսել է պուրակում հավաքվածներին, ու քանի որ Սամվել Ալեքսանյանը «միայն ճիշտ գործեր է անում», որոշել է գալ ու պաշտպանել նրան, մինչդեռ NEWS.am-ի լրագրողը նրան նկարահանել է կատարվածից առաջ եւ հետո Սամվել Ալեքսանյանի պաշտպանության ակցիաներից արդեն հայտնի դեմքերի հետ սրճարանում զրուցելիս։











