Ադրբեջանցի Օրհան Զեյնալովը, որին կասկածում են Բիրյուլեւոյում Եգոր Շչերբակովի սպանության մեջ, իր գործողությունները որակել է որպես ինքնապաշտպանություն: Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ դանակահարել է Եգոր Շչերբակովին, սակայն չի իմացել, որ հարվածը մահացու է եղել: Հարցաքննության կադրերը ներկայացրել է «Ռոսսիա-24» հեռուստաալիքը:

Հարցաքննության ընթացքում Զեյնալովը ձեռնաշղթաներով կանգնած է եղել տեսախցիկի առջեւ եւ պատմել է, թե ինչպես է հարվածել Եգոր Շչերբակովին: Ադրբեջանցին պնդում է, որ սպանել չի ցանկացել, պարզապես պաշտպանվել է: Դանակը նրա գրպանում է եղել:

 «Ես պաշտպանվել եմ, հարվածել եմ դանակով, սակայն սպանել չեմ ցանկացել: Երեքով էինք՝ ես, նա եւ մի աղջիկ»,-ասել է Զեյնալովը:

«Կոմերսանտ» պարբերականը պարզել է, որ Օրհան Զեյնալովին իրավապահներին է հանձնել ադրբեջանական սփյուռքը: