ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պաշտպանները՝ 50-60 տարեկան մոտ 20 կին, հոկտեմբերի 17-ին գնացել էին «Փակ շուկա»՝ անհրաժեշտության դեպքում «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ակտիվիստներին գոռգոռոցներով դիմավորելու համար։

Մինչեւ պարզ կդառնար՝ ակտիվիստները գալու են, թե ոչ, կանայք շուկայի կողքի մայթեզրին նստած հաց էին ուտում։ Քիչ անց շուկա եկավ Սամվել Ալեքսանյանը, ինչից հետո կանանց հրահանգեցին հեռանալ։ Ըստ երեւույթին, Ալեքսանյանի «մարդիկ» տեղեկություն էին ստացել, որ ակտիվիստներն այսօր «Փակ շուկա» չեն գալու։ Դա կատարվեց անմիջապես այն բանից հետո, երբ շուկայի տարածք եկավ «Մերսեդես G500» մակնիշի «HOV 555» վրացական համարներով սպիտակ մեքենան, որը, ինչպես ավելի վաղ NEWS.am-ին ասել էր «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը, ակցիաների առաջին օրվանից հետեւում է ակտիվիստների երթին։

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները, ովքեր հոկտեմբերի 9-ից հայտարարել են դեպի «Փակ շուկա» ամենօրյա բողոքի երթեր անցկացնելու մասին, այսօր Մաշտոցի պուրակից մեքենաներով գնացին «Մխիթար Սեբաստացի» համալիր՝ հուշարձանի աղճատման դեմ դասական համերգ ակցիային մասնակցելու։